Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԵՔ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Երեք կերպարանափոխութիւնների մասին պիտի խօսեմ ձեզ հետ. թէ ի՛նչպէս է ուղտ դառնում ոգին, և ուղտը—առիւծ՝ և ի վերջոյ՝ առիւծը—մանուկ։
Ոգու համար ծանր բաներ շատ կան, հզօր, կրելու ունակ ոգու համար, որին յատուկ է ակնածանքը—աւելի ծանր և ծանրագոյն բաներ է ցանկանում նրա ուժը։
Ի՞նչն է ծանր, այսպէս է հարցնում կրելու ունակ ոգին, այսպէս է ծունկ չոգում նա՝ ուղտի նման՝ և լուռ բարձւել է կամենում։
Ո՞րն է ամենածանր բանը, դո՛ւք հերոսներ, այսպէս է հարցնում կրելու ունակ ոգին, որ այդ իմ վրայ վերցնեմ և ուրախանամ իմ հզօրութեամբ։
Այդ այն չէ՞—ցածացնել իր անձը իր մեծաստութեան ցաւ պատճառելու համար, իր յիմարութիւնը փայլեցնե՞լ՝ իր իմաստութիւնը ծաղրելու համար։
Թէ՞ այդ այս է, իմացութեան կաղիններով ու խոտով սնւել և յանուն ճշմարտութեան քաղցե՞լ հոգով։
Թէ՞ այդ այս է. հիւանդ լինել և մխիթարողներին տուն ուղարկել, աղաւնիների հետ ընկերութիւն անել, որ երրէք չեն լսում՝ թէ դու ինչ ես ցանկանում։