Իրա՛ւ, կանթեղ կամ ճրագ չը կար, բայց ամեն ինչ պայծառ էր երևում: Լուսնեակի շողերը, պատուհանից ընկնում էին տախտակամածի վրայ. այնտեղ ամեն բան պարզ տեսնում էր ինչպէս ցերեկ ժամանակ։ Բոլոր յակնթածաղիկներն ու կակաչները՝ երկու երկար շարքերի վրայ ոտքի կանգնել էին. բոլոր ծաղկամանները դատարկ էին. պատուհանի եզերքին ոչ մի ծաղիկ չէր մնում: Բոլորը իջել էին ցած և սիրուն կերպով պարում էին տախտակամածի վրայ. նրանք իրար խոնարհութիւններ էին անում և միմեանց երկար, կանաչ տերևներից բռնելով շուրջպար էին կազմում: Դաշնակի առաջ նստել էր մի մեծ դեղին շուշան, որին հետ փոքրիկ Իդան ծանօթացել էր ամառը. նա շատ լաւ էր յիշում, նոյն իսկ ծանօթացումի ժամանակ արտասանուած խօսքերը։
—Տե՛ս այս շուշանը, որչա՜փ նմանում է օրիորդ Կարօլինին, ասել էր ուսանողը: Ամենքը դրա համար ծաղրել էին ուսանողին, բայց փոքրիկ Իդան տեսաւ, որ մեծ դեղին ծաղիկը իսկապէս նման էր այդ օրիորդին: Դաշնակ ածելու ժամանակ, դեղին շուշանը միևնոյն շարժումներն անում