Անկասկած, նրանք՝ բոլորը՝ թագաւորական պարտիզի ծաղիկներն էին. Նրանց առջևից քայլում էին փոքրիկ ոսկեայ թագեր կրող երկու փալփլուն ծաղիկներ—դրանք թագաւորն ու թագուհին էին։ Նրանց ետևից գալիս էին ամենասիրուն շահպրակներն ամենագեղեցիկ շահոքրամները, որոնք աջ ու ձախ իրանց շուրջը բարևում էին: Նրանց ընկերանում էր մի նուագախումբ: Մեծ խաշխաշներն և պենունաները այնքան ուժով փչում էին իրանց տերևեայ փողերի մէջ, որ նրանց դէմքը կարմրել էր. կապոյտ յակնթածաղիկներն և փոքրիկ ձնծաղիկները այնպէս զանգահարում էին, կարծես իսկական զանգակիկներ կրելիս լինէին: Երևելի երաժշտութիւն էր. միւս բոլոր ծաղիկները նոր խմբին միացան և մի ընդհանուր պար սկսուեց. ամենքը միմեանց համբուրեցին: Զմայլելի՜ տեսարան էր:
Այնուհետև, ծաղիկները իրար բարի գիշեր մաղթեցին և փոքրիկ Իդան մտաւ մեղմով անկողին, ուր նա երազեց իր տեսած բոլոր բաների մասին։ Հետևեալ օրը, երբ վեր կացաւ, վազեց դէպի փոքրիկ սեղանը, տեսնելու համար որ հիւանդ ծաղիկները ա՞յնտեղ