—Հը՜ն, էլ տեղիցս չեմ շարժուի. ես չափազանց նուրբ եմ և իրաւունք ունեմ հպարտանալու, ասաց ասեղը:
Արդարև նա մնաց իր տեղում և անձնատուր եղաւ խոր ու բարձր մտածումների։
—Ա՜Հ, Աստուած իմ, ո՜րքան նուրբ եմ ես. ինձ թւում է, որ ես ծնուել եմ ուղղակի արեգակի մի ճառագայթից։ Կարծես թէ նրանք էլ գալիս են ինձ փնտռելու մինչև ջրի յատակը: Բայց ես այնչափ բարակ եմ, որ մայրս՝ արեգակը՝ անկարող պիտի լինի ինձ գտնելու: Եթէ աչքս կորցրած չը լինէի, գոնէ կը նստէի լաց կը լինէի: Ո՛չ, ես չեմ ուզում լաց լինել. դա ինձ վայել չէ՛:
Մի օր, երեխաները եկան առուակի մէջ հին մեխեր, կոպեկներ և ուրիշ արժէքաւոր առարկաներ որոնելու: Կեղտոտ աշխատանք էր այդ. բայց ի՞նչ արած, նրանք այդ բանի մէջ զուարճութիւն էին գտնում. ամեն մարդ իր կարողութեան չափով է զուարճանում։
— Վա՜յ, վա՜յ, աղաղակեց նրանցից մինը, ասեղից խայթուելով. ա՜յ անպիտա՛ն, ա՜յ։