Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ժամանակ նրա սիրտը ճմլուեց. շատ էր մեծ նրա վիշտը։ Գերեզմանի եզերքին՝ մի տխուր, շա՜տ տխուր շարական էին երգում: Ժան յուզուեց ու լացաւ: Արտասուքները սիրտը թեթևացրին: Արեգակը քնքչութեամբ լուսաւորում էր կանաչ ծառերը և կարծես ուզում էր ասել. «Մխիթարուիր, Ժան, տես երկինքը ո՜րքան գեղեցիկ կապոյտ է: Այնտեղ է քո հայրը և խնդրում է բարի Աստուծուց, որ դու միշտ բաղդաւոր լինես»:

—Միշտ բարի պիտի լինեմ, ասաց Ժան, որովհետև ուզում եմ իմ հօր մօտ՝ երկինք գնալ. այնտեղ, մենք մեծապէս ուրախ պիտի լինենք իրար տեսնելով: Ա՜հ, նրան պատմելու ո՜րքան բաներ ունեմ. նա անշուշտ ինձ ցոյց կը տայ և կը բացատրի երկնքի հրաշալիքները, ինչպէս առաջ ինձ սովորեցնում էր երկրի վրայ: Օ՜հ, ո՜րչափ պիտի ուրախանանք:

Ժան այս բոլոր բաների վրայ խորհելով՝ արտասուքների միջից ժպտում էր: Շագանակենիների վրայ փոքրիկ թռչունները զուարթօրէն դայլայլում էին. «ճի՜ւ, ճի՜ւ, ճի՜ւ»: Նրանք էլ թաղման ներկայ էին եղել.