Էջ:Անի.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրվա ուրիշ ժամն էր: Արեգակը մոտենում էր միջօրեին և նրա տակ այլևս շվաքներ չկային: Չկային նրանք նույնիսկ Ախուրյանի ձորում, գոնե նրա այն մասում, որ բացվում էր իմ պատուհանի առջև: Եվ այժմ էլ ուրիշ տեսակ գեղեցկություն: Ես խորասուզվել եմ նրա մեջ, որոշել եմ նրա առանձնահատուկ գծերը, գույները և նրանցով հիանում եմ: Անսպառ է պատկերի քաղցրությունը:

Իմ պատուհանը տիրում է վիթխարի տեսարանի վրա: Մեծ, օձապտույտ ձոր, արևով ողողված նրա հատակում գետը եղեգնապատ ափերով: Գորշ, չոր ժայռերի չոր, այրված պատեր: Նրանցից վերև կանաչ լեռնադաշտ մեծամեծ բլուրներ, որոնք շարքեր են կապում, հասնում են հորիզոնին կորչում են այնտեղ: Մի մեծ աշխարհ: Բայց նա լուռ է, նա անկենդան է: Եվ միակ բանը, որ քարացած, կախարդված չէ, որ շարժվում է, կյանքի նմանություն է բերում, Ախուրյանն է:

Միայն նա: Երկնքի տակ ոչինչ բան չէ գրավում աչքդ, չէ ընկնում սրտիդ զարկերակին,- միայն նա: Լուռ, անձայն, բայց գնայուն, րոպե, վայրկյան անգամ կանգ չառնող: Հավիտենական ճանապարհին հլու հպատակ նա վազեցնում է իր դեղնավուն ալիքները, փրփուրների մանյակ է գցում, իր խոնավ պարանոցով պտույտներ է տալիս ժայռերի շուրջը, կանաչ կղզիներ է կազմում: Միշտ աշխույժ, միշտ կայտառ: Նրան չեն հուսահատեցնում ալևոր զառամած, մահով պատած մահ մարմնացնող ժայռերն ու լանջերը: Դրանց նայես, դրանց լսես ինքդ էլ պիտի պառկես մի տեղ ծածկվես այս տեղերի համար ճակատագրական սավանի տակ և դառնաս սֆինքս, հավիտենական լռություն: Բայց գետը չի էլ շտապում փախչելու այդ հուսահատ ափերից: Ինչպես և այն ժամանակ, երբ այստեղ յուրաքանչյուր քարի ետևից կյանքն էր նայում, կյանքն էր ժպտում ու լացում նա այժմ էլ անփոփոխ իր գեղեցիկ, նազելի ընթացքն է տանում և նրա միջից` միայն այնտեղից ես ստանում եմ սիրտ լայնացնող ժպիտներ:

Բնության մահը, ավերակներից դուրս հոսող և ամեն տեղ թափվող մահը չի կարողանում ծալ-ծալ կուտվել սրտիդ