Էջ:Անի.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ այդտեղ շինություններ եղած լինեն գոնե այժմ լանջերի վրա չեն նկատվում ավերակներ: Բլուրը դյուրամատչելի չէ և արևելյան կողմից: Այդտեղ նրա համարյա ուղղաձիգ լանջերը իջնում են Ախուրյանի ձորի վրա, և նեղ ճանապարհը, որ այդ կողմով քերում է բլուրի ստորոտը տեղ-տեղ այնքան մոտենում է Ախուրյանի խոր ձորին, որ ուղևորը պիտի զգուշությամբ քայլել, թե չէ կարող է ցած, դեպի գետի ժայռոտ կողերը սահել:

Միայն արևմտյան կողմից Միջնաբերդի բլուրը անհամեմատ դյուրամատչելի է: Այդ կողմում նրա լանջերը ավելի թեք են և չեն հասնում Ծաղկոցաձորի կողերին: Մեջտեղ մնում է մի լայն ու հարթ տարածություն, որ տանում է դեպի Միջնաբերդի ետևը, դեպի նրա հարավային ստորոտները: Բերդ շինողներն էլ ասում են այցելուին, որ առհասարակ Անին այս կողմից վտանգի է եղել ենթարկված, ուստի Ծաղկոցաձորի այս կողմով սկսած այն տեղից, որով մենք ձորի միջից բարձրացել էինք քաղաք նորից սկսվում է պարիսպների ընդհատված շարքը:

Մզկիթի շինությունից Միջնաբերդի այս կողմը գալու համար մենք ստիպված էինք երկար պտույտ անել նրա հյուսիսային լանջերի տակով: Արևը շատ էր բարձրացել և Անիի մեջ սկսվել էր ամառային միջօրեն Շիրակի լեռնադաշտը առհասարակ զով ու կարճատև ամառ ունի: Բայց այդ ամառն էլ այրել գիտե մանավանդ Անիում: Կատարյալ անապատային մի արև, նա խաշում է քարակույտերը: Նա շատ դուրեկան է այդ քարերի տակ թաքնվող կարիճներին, բայց մարգը շատ է նեղվում երկնքից թափվող կրակից: Այս անհուն քարակույտերի մեջ ջրից, կանաչից ու ծառերից զուրկ այլ մեռած անապատում ի՞նչը կարող է մեղմացնել միջօրեի կրակոտ սլաքների ազդեցությունը: Ոչինչ: Ոչ մի բան չկա լեզուդ չորանում է բերանումդ: Եվ միայն ավերակների անունը, միայն Միջնաբերդ ասած բանը կարող է այդ անհրապույր ժամին շրջեցնել քեզ այնքան երկար տարածության վրա:

Ծաղկոցաձորի եզրով ձգված պարիսպը այլևս այն հետաքրքրությունն ու հիացմունքը չէ զարթեցնում այցելուի