Էջ:Անի.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Մեծանուն հայագետ Լեոն «Անի»-ն գրել է 1902 թվականի ամռանը, մի խումբ հայ մտավորականների հետ Անիի ավերակները այցելելուց հետո։ Նրա նպատակն է եղել Անիի մասին ընթերցողներին հանձնել «տպավորություններ, հիշատակներ, անցածն ու մնացածը»։ Ստացվել է միայն Լեոյին հատուկ գունեղ ու պատկերավոր լեզվով ու ոճով մի հոյակապ գրական-պատմական քերթված։

«Անի»-ի ձեռագիրը հրատարակության պատրաստ էր դեռևս 1904 թվականին, և հեղինակը փափագ է ունեցել, որ «Անի»-ն «լինի, որքան հնարավոր է, մի շքեղ հրատարակություն, սեղանի զարդ»։ Սակայն աշխատությունը այն ժամանակ չհրատարակվեց։

Նախահոկտեմբերյան տարիներին «Անի»-ն այդպես էլ մնաց անտիպ։ Նրանից մի հատված ժամանակին հրատարակվել է «Սովետական գրականություն» ամսագրում, իսկ 1946 թվականին աշխատությունը, զգալի կրճատումներով լույս է ընծայվել Հայպետհրատի կողմից։ Ներկա հրատարակությամբ «Անի»-ն լույս է տեսնում ամբողջությամբ։ Կատարված են միայն խմբագրական բնույթի աննշան շտկումներ։