Էջ:Անի.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղած օրվա լույսին և ձեզ վրա հիացմունքի ժպիտներ են բերում կանաչների ու թփերի միջից թափվող փոքրիկ ջրվեժները: Մոտիկ են նրանք, բոլորովին մոտիկ ճանապարհին դուք հազիվ մի վայրկյան տեսաք քարից քար ընկնող ջինջ բյուրեղյա ջրերը, բայց այլևս մոռանալ նրանց չեք կարող: Էլ ձեր հիշողության մեջ կայտառ ալիքների հետ տպավորված կմնան և արևի առաջին մեղմ ճառագայթները, որոնք ամառային վաղ առավոտին այնքան հմայք են հաղորդում ոչ միայն ջրին ու խոտին, այլև լեռնային հսկա տեսարանների ամեն մի խորշին, ամեն մի կտորին:

Պակասում է միայն մի բան: Լեռնային աշխարհը իբրև մի վեհ ամբողջություն ընդգրկելու համար պետք է լինել բարձրերում: Այդ խրոխտ գագաթները պիտի լինեն դիտանոց և նայողը պիտի իրան զգա տիրող ահագին տարածությունների վրա հսկայական տեսարաններով շրջապատված երկնքի ու երկրի մեջտեղ, անծայր հորիզոնների առաջին երկաթուղով գնացողը զուրկ է այդ դիրքից: Նա ձորի հատակից է նայում, ցածրից դեպի վեր, տեսնում է կտորներ, սեղմված է անձուկ տարածությունների մեջ: Բայց մեր երկրի լեռնային գագաթները դեռ անմատչելի են երկաթուղագծերին: Շատ է հեռու այդ ժամանակը: Գոհ լինենք և նրանով, որ գոնե լեռնային կիրճերն են հետզհետե նվաճվում: Սանահին կայարանի մոտերքում, գետի ձորից ուղիղ դեպի վեր, դեպի լեռն է ձգվում մի վոքրիկ կածան դա է այն ճանապարհը, որը տանում է դեպի Սանահինի հռչակավոր վանքը: Մեր լեոնաստանների ճակատին, դարերի սկզբից հաղորդակցության այդ տեսակ տանջանքների ժապավեններ են եղել գրված: Եվ Սանահինի գլխապատառ վերև վազող կածանի կողքով անցնող երկաթուղին արդեն մի հրաշք է ինքնըստինքյան:

Ձորից ձոր, ժայռից ժայռ, անտառներից անտառներ-ամեն տեղ կուսական բնությունն է: Ամայություն է տիրում, մարդ քիչ կա այդ գեղանկար վայրերում: Երբեմն միայն կտեսնեք գյուղական մի քանի ողորմելի տներ, բայց նրանք չեն կարողանում փոխել ընդհանուր տպավորությունը, չեն կարողանում լցնել բնության մեջ զգացվող դատարկությունը, անբնակ տեղերի դատարկությունը: Լոռու ամբողջ ձորի մեջ