Էջ:Անի.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն մի տեղ երևում է նոր ժամանակների տեսարանը կապիտալի վլվլուկը: Դա Ալավերդիի հանքագործարանն է զետեղված երկաթուղուց շատ մոտ, լեռան լանջերի վրա: Այդտեղ աշխատում են մարդիկ, աշխատում է շոգին, բայց կուսական բնության ծոցը խրված այս գործարանական երևույթը երկաթուղու առեղծվածը չէ: Նա գոյություն ուներ երկաթուղուց առաջ էլ: Ինքը, երկաթուղին դեռ չի կարողացել նկատելի կերպով տակնուվրա անել այս հիացնող ձորի դարավոր անշարժությունը: Առայժմ նա միայն փոքրիկ լուռ ու խեղճ կայարաններ է շարել ձորի երկարությամբ: Խիզախ ու հանդուգն է նա իբրև լեռնային երկաթուղի, բայց աղքատ է, շատ աղքատ իբրև առևտրական արդյունաբերական երակ: Ապրանքատար գնացքներ չեն երևում, գիծը առայժմ ճանապարհորդներին է ծառայում գլխավորապես: Բայց մի՞թե մշտական կլինի անփոփոխությունը: Ո՞վ գիտե գուցե շատ հեռու չէ այն ժամանակը, երբ այս հարուստ ու շքեղ լանջերը, դալար հովիտները կդառնան Թիֆլիսի արվարձանի պես մի բան և ամառային կյանքը կմիացնե այս տեղերը, օդի, զովության կարոտ մեծ քաղաքի մեջ: Գլխավորն այն է, որ այստեղ նոր կյանք հաստատվի: Այնուհետև երևի կգա և բնության հարստությունները շահագործող ձեռներեցությունը:

                              Բ



Ամեն ինչ վերջ ունի, և Դեբեդի ձորն էլ վերջ է լինում իր զարգերին Մեծ Ղարաքիլիսա հայաբնակ գյուղի մոտ: Դա մի մեծ գյուղ է և լեռնային գավառի կենտրոն: Երկաթուղին էլ ընգծել է գյուղի նշանակությունը, կառուցապատելով այդտեղ մեծ ու գեղեցիկ: Ամառային սիրուն առավոտ էր, երբ մտանք բուֆետը մի փոքրիկ նախաճաշ