Էջ:Անի.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անելու որքան գեղեցիկ շրջապատ է տվել բնությունը մեծ Ղարաքիլիսային: Գյուղը հովիտի մեջ է, շրջապատված լեռնային բարձրություններով, որոնք վերին աստիճանի գեղանկար տեսարաններ են բաց անում ամեն կողմից: Երևում են գեղեցիկ տներ, որոնք վկայում են թե գյուղը մի քանի քայլ առաջ է գնացել պապենական ավանդապահությունից: Ղարաքիլիսան վաղուց հայտնի է իբրև կրթասեր մի գյուղ: Այդ կողմից նա կարող է ամաչեցնել մեր գավառական շատ քաղաքները: Այդտեղ ստացվող հայերեն լրագիրների թիվն այնքան աչքի ընկնող է մի գյուղի համար, որ Կարսի, Ախալցխայի, Հին Նախիջևանի պես քաղաքներն անգամ պիտի կարմրեն, համեմատելով իրենց պահանջն այս գյուղի պահանջների հետ: Մեծ Ղարաքիլիսան արդեն ամառանոցի համբավ է ստացել: Եվ նա միանգամայն արժանի է այդ համբավին: Կա ամառանոցավորների մի թիվ, բայց նա ավելի կստվարանա, երբ երկաթուղին ավելի ուշադրություն կդարձնի նրա վրա: Առայժմ նրա արածը միայն այն է, որ Ղարաքիլիսան մտցված է ամառանոցների ցուցակի մեջ և վայելում է ամառանոցային էժան սակագնի առավելությունը մինչև Ղարաքիլիսա երկաթուղու տոմսակը սովորական տարիֆից պակաս արժե: Բայց այդ քիչ է, ժամանակակից կյանքը միայն էժանություն չի պահանջում՝ նրան հարկավոր է, որ հաղորդակցությունը օրվա մեջ շատ կարճ ընդհատումներ ունենա: Ղարաքիլիսայից երկաթուղին գնում է դեպի արևմուտք և տեսարանը միանգամից փոխվում է: Բնությունը դարձյալ մեծագործ է, դարձյալ լեռներ է փռում աջ ու ձախ, բայց այլևս հրաշակերտող ուժ չունի՝ քմահաճություններից զրկված է: Անտառները չբացած փայտի կտոր չկա՝ ամեն ինչ ծածկված է կանաչով: Միանմանություն է տիրում, վագոնի պատուհանը այլևս չի ձգում, չի կաշկանդում: Ուղևորը շուտ ձանձրանում է, հոգնում: Անհյուրասեր բարձրություններ են, ցուրտ, աղքատ: Անժամանակ ցրտերը հաճախ փչացնում են ցանքերը, իսկ այս կողմերի ժողովուրդը համարյա միայն երկրագործությամբ է ապրում: Հողի պակասությունը շատ մեծ է և խեղդում