Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կեանքը հոսում է և օրը օրին բարդ խնդիրներ է առաջադրում, հրամայաբար լուծում պահանջում: Իսկ մենք այդ չենք կարողանում անել:

Ա. Ամենքը զարմանում են ձեր անտարբերութեան վրա. ամբողջ ամիս է խաղաղութեան դաշինք էք ստորագրել այս երկրի համար, սակայն այս դժբախտ երկիրը այդ դաշնագրի իսկական պատճէնը մինչև օրս չունի: Տաճիկները սիստեմատիկ կերպով պահանջում են դաշնագրի այս կամ այն պայմանների իրագործում. իսկ եթէ մենք ենք պահանջում նոյնը մեր երկրի կամ ժողովրդի համար, ասում են, որ դաշնագրում այդպիսի կէտեր չկան.-օրինակ փախստականների յետ դառնալու մասին: Ձեր բոլոր նամակներով՝ այդ յայտնւած էր մեզ: Ալէքսանդրապօլում եղած թիւրքերէն դաշնագրի մէջ, ասել են, այդ կէտը չկայ: Յետոյ ինչպէս պէտք է վարւել մեր կայարաններում եղած երկաթուղու շարժուն սաստաւի մասին. նրանք պահանջում են իրանց թողնել և վարպետօրէն ամեն բան տարան. մենք պնդում էինք ընդհանուրից օգտվելու իրաւունքի վրայ: Արդէն գիտէք, որ Ղարաքիլիսայի գիծը մինչև օրս չեն դատարկել, երևի գիտէք նաև նրանց առարկութիւնը-մինչև հայերի և վրացիների մէջ, սահմանների նկատմամբ (հաշտութիւն) համաձայնութիւն կայանալը, իրանք հայերի օգտի տեսակէտից այդ գիծը պահում են իրանց մօտ: Ի՞նչ դիրք բռնել, ինչ պատասխան տալ: Դաշն դուք էք կնքել, պահանջում են, որ մենք իրագործենք, առանց իսկական պայմաններն իմանալու: Հասկանալի է, որ դուք դրել եք մեզ սոսկալի դրութեան մէջ: Թեև ամեն կերպ կարող էք յաջողեցնել դաշնագրի իսկականը և ձեր հրահանգները մեզ ճամփելու, որ սակայն, չէք անում: Մենք ձեզ թուրք սուրհանդակ էինք ուղարկել, որին դուք չգիտենք ինչու, դատարկ յետ էք ուղարկել: Թւում է թէ դուք էլ հեշտութեամբ կարող էիք այդտեղից մեզ սուրհանդակ ճամփել:

Բ.- Երկրորդ կարևոր հարցը ֆինանսների խնդիրն է. այս աղքատ ու դըժբախտ երկիրը 4 ամիս է կերակրում է քառասուն հազարանոց բանակ. ամսից աւելի է, որ 1-ին դիւիզիայի մասերը և կօմկօրը23 մեր վզին են: Ժողովրդին թալանելով. կողոպտելով հազիւ ենք հասցրել այստեղ. այլևս անկարելի է շարունակել, բոլոր հասարակութեան դրամները գրավել ենք, բոլոր ձեռքի տակ եղած դրամները սպառել ենք, իսկ իւրաքանչիւր օր ավելի քան 100.000 ռուբլի ծախք ունինք- եկամուտ՝ ոչ մի կօպէկ: Սպայութիւնը ամիսներով ռոճիկ չի ստացել. խեղճերը ման են գալիս կամ չարուխններով կամ` ոտաբոբիկ ու գրեթէ մերկ. սոսկալի, չտեսնւած թանկութիւն է, ապրել չի լինում. աշխատէք դրամ հասցնել, այլապէս զօրքը կարող է մի օրում ցրւել և մենք կխայտառակվենք:

Գ.-Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել. հարկաւոր է շուտափույթ իշխանութիւն կազմակերպել և գործի անցնել. մինչև հիմա այդ չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չըկաք ու չըկաք, դրամ է պէտք ադմինիստրացիա և միլիցիա կազմակերպելու, դրամ չկայ: Մեր ֆինանսների դրութիւնը վերևում պարզեցի ձեր առաջ: