Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրտը նորից փլվեց, թաղման աղիողորմ լացը նորից բարձրացավ սևացած, աղքատ, փոքրիկ և խարխուլ խրճիթում։

Բացի Թուրվանտա Քորոյից, աշխարհում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չկար, որ խնամեր որբին, ուստի Թուրվանտա Քորոն, առանց որևէ որոշում կայացնելու, վերցրեց Թորիկին, փաթաթեց սև շալի մեջ, տարավ տուն, անմիջապես կրակ վառեց, ջուր տաքացրեց, լողացրեց որբին և պառկեցրեց, որ քնի։ Թուրվանտա Քորոն նրա շորը լվաց, փռեց թեժ արևին, չորացրեց, ձեռաց կարկատեց, և երբ որբը զարթեց, հագցրեց և սպասեց ամուսնուն։

Երեկոյան, երբ Փալանճի Գիրգորը տուն եկավ, Թուրվանտա Քորոն գրկեց որբացած մանկան, կանգնեց ամուսնու դեմը և ասաց.

— Տանը մեջ փիճ մը ըլլեր կըսեիր՝ իշդե քըզի փիճ, սեպե քի մեջքես ընկեր է։

Քսան տարի էր, ինչ Թուրվանտա Քորոն և Փալանճի Գիրգորն ամուսնացել էին, բայց հակառակ բուռն ջանքերի— մոմ չմնաց սրբերի պատկերների առաջ վառեցին— զավակ չունեցան։

Փալանճի Գիրգորը երկար նայեց Թորիկին, որ հիմար֊հիմար ժպտում էր, խղճահարվեց և քթի տակ, մեծ բեղերի վրա, մի ժուժկալ ժպիտ թափելով՝ վերցրեց մանկանը կնոջ գրկից, համբուրեց և ասաց.

— Նորեն աստված մեր երեսը հայեցավ։

— Մենք չըլլեինք նե՝ ի՞նչ տըլլեր։

— Կտանեին, կնետեին քուլխանը,— պատասխանեց Փալանճի Գիրգորր։

Թուրվանտա Քորոն նորից լաց եղավ խեղճ, դժբախտ քրոջ վրա, որն արդեն հանգստանում էր գերեզմանոցում, որի վրա փռված էր թթենու մուգ ստվերը։


Բ

Թե՛ Թուրվանտա Քորոն և թե՛ Փալանճի Գիրգորը Թորիկին սկսեցին սիրել խոր սիրով։ Երկուսն էլ նոր զգացին զավակ չունենալու ողջ ողբերգությունը, և հազիվ մի քանի ամիս անցած՝ նրանց թվում էր, որ ուրիշի տնից չէին բերել նրան,