Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 07.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Ինչո՞ւ որբին զարկիր, ձեռքդ փրթի,— ասաց Թուրվանտա Քորոն։

Գիշերը, անկողին մտնելիս, Թուրվանտա Քորոն կռնակը դարձրեց Փալանճի Գիրգորին։

— Աղջի՛, Թուրի՛կ, կռնակդ ինչո՞ւ դարձուցիր,— զարմացավ Փալանճի Գիրգորը։

— Էդ ըլ շատ է,— սրտնեղեց Թուրվանտա Քորոն։

— Նորեն ի՞նչ եղավ, լուսինը նո՞ր է։

Երկար լռությունից հետո Փալանճի Գիրգորը մի կերպ հաջողեց կնոջ երեսն իր կողմը դարձնել։

— Որբին վրա ձեռք մի բարձրացներ, էնդի դեմը քուրոջս ի՞նչ պատասխան տի տամ։

— Բան մըն էր՝ էղավ, կնի՛կ, ալ չեմ ըներ,— խոստացավ Փալանճի Գիրգորը։

Քիչ անց՝ Փալանճի Գիրգորը մացառի պես բեղերը քսեց Թուրվանտա Քորոյի երեսին։

— Քունս կտանե, տեղդ պառկիր։

Եվ տիրեց լռություն։

Մի բան շատ էր զարմացնում Փալանճի Գիրգորին և Թուրվանտա Քորոյին։ Թորիկի հագուստի այնպիսի տեղն էր մաշվում, որ առհասարակ չպետք է մաշվեր, ուրիշների հագուստի այդ տեղերը երբեք չէին մաշվում։ Թորիկի արմունկը չէր մաշվում, այլ ուսերից մինչև արմունկը։

— Քա՛, խելքս կթռցնիմ, էս ի՞նչ բան է,— ապշում էր Թուրվանտա Քորոն։

— Արմունկը մաշվի, խելքիս կպառկի, ամա արմունկեն վեր ինչո՞ւ մաշվի, ջանըմ,— հարց էր տալիս Փալանճի Գիրգորը։

Մի օր Փալանճի Գիրգորը գաղտնի Թորիկին հետևեց՝ ստուգելու։

Եվ ամեն ինչ պարզվեց։

Թորիկը ամբողջ ճանապարհին պատերին քսվելով էր գնում, խանութից տուն գնալիս՝ մի կողմով, տնից խանութ գնալիս՝ մյուս կողմով։