Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 08.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ե

Եվ մի օր էլ Թորիկի կրծքին կախեցին թակը[1] և տարին դպրոց՝ պարոն Աշուրի վարժատունը։

— Միսը քըզի, ոսկորը մըզի,— ասաց Փալանճի Գիրգորը։

Պարոն Աշուրն ակնոցների տակից նայեց Թորիկին։ Թորիկը, թևերը կախ, ուսերը մի քիչ վեր բարձրացրած, ուղիղ կանգնել էր։

— Խելացի կերևա,— ասաց պարոն Աշուրը։

Փալանճի Գիրգորն ուռեց։

— Ինչ որ տեսեր է աչքը, էն ըլ սորվեր է, վարժապետ,— ասաց նա։

Երեք տարի հաճախեց Թորիկը պարոն Աշուրի վարժատունը և հազիվ կարողացավ սովորել հայոց լեզվի տառերը, իսկ կարդալը՝ երբեք։

Թուրվանտա Քորոն համառորեն պնդեց, որ Թորիկր դպրոցը պետք է շարունակի։

— Խելքին բան չի պառկիր,— թեթևակի առարկեց Փալանճի Գիրգորը։

— Օր մըլ կպառկի,— հակաճառեց Թուրվանտա Քորոն։

Գրել֊կարդալ որ չի սորվավ, ըսել է էշ է, մարդ չի դառնար,— պնդեց Փալանճի Գիրգորը։

Թուրվանտան Քորոն թեթև ծիծաղեց և ասաց.

— Դուն ըլ կարդալ գրել չես գիտեր, դո՞ւն ըլ էշ ես, քա՛։

Փալանճի Գիրգորը լռեց։

Եվ Թորիկը շարունակեց դպրոցը, մինչև պարոն Աշուրն ինքը վերջնագիր տվեց, թե Թորիկն այնքան դասարան չի փոխել, որ այժմ փոքրերի հետ դասընկեր է դարձել և այլևս չի կարող պահել դպրոցում։

— Կհիշե՞ս, կնիկ, հարն ըլ քիչ մը դանխաֆա[2] էր,— ասաց Փալանճի Գիրգորը։

— Մեռած մարդու վրա չեն հաչեր,— կշտամբեց Թուրվանտա Քորոն։

Ի վերջո Փալանճի Գիրգորն առաջարկեց.

  1. տախտակի կտորը, որի վրա գրվում էր այբբենարանը
  2. բթամիտ, տխմար