Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Գիրգոր աղաս ընծի շատ նեղություն կուտա,— գանգատվեց Թորիկն արցունքոտ աչքերով։

Այնուամենայնիվ, ժամանակը սրբեց ամեն բան, այսպես թե այնպես Թորիկը սովորեց փալանի արտաքին ձևավորումը, սովորեց գները, սովորեց վաճառքի գաղտնիքները։

Անախորժությունները վերջացան։

Եվ մի իրիկուն Փալանճի Գիրգորը մի քանի ծանոթներ հրավիրեց իր տունը, օղի հրամցրեց, կանչեց Թորիկին, մոտը կանգնեցրեց, մի ապտակ զարկեց և ասաց.

— Ալ վարպետ ես, խոսք չունիմ։

Թորիկը խելագարվելու աստիճան ուրախացավ։

— Է՛հ, Թորիկս ժմնեց, մեկնումեկս գլոխնիս գետինը դնենք, ալ ուրիշ մարդ չունինք, Թորիկն է,— ասաց Թուրվանտա Քորոն և համբուրեց այն երեսը, որ կերել էր ապտակը։


Է

Ժամանակը սահեց, այնպես, ինչպես միշտ։

Փալանճի Գիրգորը, ինչպես եղավ, մեռավ․ ո՛չ հիվանդ պառկեց, ո՛չ էլ ոտի վրա մաշվեց, այլ մի օր խանութից տուն եկավ թե՝

— Թուրիկ, վրաս սրսփուք եկավ։

Թուրվանտա Քորոն պառկեցրեց նրան, ոտները բրդե վերմակով փաթաթեց, տաք աղյուս դրավ, բայց հաջորդ առավոտ Փալանճի Գիրգորն այլևս չկար, իր բոլոր հաշիվները մաքրել էր աշխարհի հետ։

— Թուրիկ մոքոր, հեչ մի լար, քանի ես սաղ եմ, դուն իմ մերս ես, քեզ սուրփի պես կպահիմ,— մխիթարեց մորաքրոջը Թորիկը։

Թուրվանտա Քորոն, լալագին լաց լինելով, փաթաթվեց Թորիկին և ականջին շշնջաց.

— Լուսահոգիի ոսկի ակռան հանե, պետք կըլլի, օղո՛ւլ։

Եվ Թորիկը կարողացավ պահել խանութի հաճախորդներին, առևտրից ոչինչ չպակասեց, տարբերությունր միայն այն էր, որ առաջ երկու ձեռք էր աշխատում, այժմ՝ մեկ։

— Առաջ ըլ ուտող բերանն իրեք էր, հիմա՝ երկուք,— ասաց Թուրվանտա Քորոն։