Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Թուրվանտա Քորոն և Թորիկը հիշում էին Փալանճի Գիրգորին միայն այն ժամանակ, երբ մի նոր կանաչեղեն էր դուրս գալիս՝ կոտեմը, առվի կարոսը, մարիամ խոտը, վարունգը, որովհետև Փալանճին սիրում էր այդ կանաչեղենները տուն բերել, հենց որ նրանք երևում էին շուկայում։

— Ողորմած հոգին կովու պես կանաչ կուտեր,— ասում էր Թուրվանտա Քորոն։

— Խիար կա՞ յա, Գիրգոր աղաս խիարի համար կը սատկեր,— ձայնակցում էր Թորիկը։

Փալանճի Գիրգորի հիշատակն այսպես վառ էր պահվում տանը։

Իսկ խանութում բոլոր հաճախորդները հիշում էին նրան, երբ էշերը բերում էին նոր փալան շինել տալու կամ հները նորոգելու։

— Էսօր հինգ էշ բերին, հինգ փալանն ըլ Գիրգոր աղաս էր շիներ,— հաղորդում էր Թորիկը Թուրվանտա Քորոյին։

Թուրվանտա Քորոն կազմ և պատրաստ ուներ ոչ ավելի քան երկու կամ երեք կաթիլ արցունք աչքերի շատ մոտերքում և հարկ եղած ժամանակ կախում էր կոպերից։

Թորիկը երկյուղածությամբ և խոր երախտագիտությամբ վճարեց տերտերին հողվրտիքի համար, իսկ ամեն մեռելոցի ինքն անձամբ ներկա էր լինում գերեզմանոցում և օրհնել էր տալիս Փալանճի Գիրգորի ոսկորները։

Երկար ժամանակ Թուրվանտա Քորոն սնդուկում պահում էր ամուսնու շորերը, բայց ծանոթ կանայք խորհուրդ տվին նրան, որ ամուսնու շորերը եթե Թորիկին հագցնի, Թորիկի սերն ավելի կլինի իր վրա, ուստի սնդուկից հանեց Փալանճի Գիրգորի շորերը և հագցրեց Թորիկին։ Դրանց մեջ ամենից արժեքավորը շալ գոտին էր, որը Թորիկը հպարտությամբ կապեց։

— Ողորմած հոգիի էրևը քըզի ըլլի, օղուլ,— ասաց Թուրվանտա Քորոն, երբ Թորիկը սենյակի մեջտեղում պտտվում էր, որպեսզի շալ գոտին փաթաթվի մեջքին։

Ժամանակը ցավի ոչ մի սուր ծայր չթողեց. Փալանճի Գիրգորի հագուստները Թորիկը մաշեցրեց, բացի շալ գոտուց, իսկ Թուրվանտա Քորոն սկսեց մտածել Թորիկին ամուսնացնելու մասին։