Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է




Ը

Ամեն մի կին, որը ձեռնարկում է իր հարազատին ամուսնացնելու, վերից է սկսում։

Թուրվանտա Քորոն էլ սկսեց վերից։

— Թորի՛կ, օղո՛ւլ, վաղը տերթամ ֆապրիկաթոռին միջնակ աղջիկը տուզիմ քըզի համար,— ասաց Թուրվանտա Քորոն։

— Հի՜, հի՜, հի․․․― ծիծաղեց Թորիկը։

Օրը բոլոր խռովահույզ վիճակ ապրեց Թորիկը, գիշերն էլ քուն չմտավ աչքերը, ֆապրիկաթոռի աղջկան մի անգամ տեսել էր, «լուսուկտոր»՝ ինչպես ինքն էր ասում։

Թուրվանտա Քորոն, միամտորեն, երկար, բախեց ֆապրիկաթոռենց մեծ դուռը և համառորեն սպասեց։

«Կերևա չլսեցին »,— ասում էր մտքում ամեն մի բախելուն։

Բայց հանկարծ լսեց մի քրթմնջոց։

Մի քիչ սպասեց, հետզհետե քրթմնջոցը դիվային թվաց նրան։ Աչքը վեր բարձրացրեց, տեսավ մի գլուխ, որ վայրկենաբար ետ քաշվեց դռան վրայի լուսամուտից, և լսվեց նորից քրթմնջոցը։

Սառը քրտինք պատեց Թուրվանտա Քորոյին։

— Վո՜ւյ գլխուս…

Երանի գետինք ճեղքվեր և մեջը մտներ։ Ոտները շարժվեցին, ուզում էր վազել, որպեսզի շուտ հեռանա, բայց հազիվ իրեն պահում էր ոտների վրա։

Եթե Թուրվանտա Քորոն ետին դառնար, պիտի տեսներ մի քանի գլուխներ, որ դուրս էին ցցվել լուսամուտից և հռհռում էին իր վրա։

Թուրվանտա Քորոն հազիվ առաջին փողոցի անկյունը շրջվեց և հենվեց պատին։

Երբ Թորիկն իմացավ եղելությունը, ասաց.

— Արդեն սրտովս չէր, Թուրիկ մորքոր, դուն որ ըսիր, ալ չուզեցի խոսքդ կոյրիմ։

Թուրվանտա Քորոն, սակայն, չհուսահատվեց, մի քանի օր հետո նորից բռնվեց Թորիկի համար աղջիկ գտնելու եռանդով, բայց այս անգամ մի քիչ ցած իջավ։