Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Էնպես բան տըսեմ, որ քեֆդ գա։

Թորիկը աչքերը վեր առավ։

— Լսե՞լ ես,— սկսեց ընկերը։

— Ի՞նչ,— հետաքրքրվեց Թորիկը մախաթը ձգելով ձեռից։

— Քաղաքը բոզ է եկեր…

— Բո՞զ…

— Իրեք հատ։

Թորիկն ինչ֊որ ձայն հանեց։

— Էնպես աղվոր են, լուսո կտորներ…

— Դուն տեսա՞ր…

— Չէ, տեսնողները կըսեն։

Տիրեց լռություն։

Թորիկը չէր կարող պատկերացնել, թե բոզն ինչ տեսակ է լինում, շատ էր լսել, բայց որոշ պատկերացում չէր կարող անել։

— Էս գիշեր երթանք, ծո,— ասաց ընկերը։

Թորիկը տարօրինակ ծիծաղեց՝ ինչպես ոչխարն ուրախությունից պատահի որ ծիծաղի։

— Փարա ունի՞ս,— հարցրեց ընկերը։

— Փարա շատ կա,— հպարտ պատասխանեց Թորիկը։

— Երթանք, ծո։

Թորիկը չպատասխանեց և խեղճ֊խեղճ նայեց ընկերոջը։

— Էս գիշեր Աղանիկենց ծառին տակը սպասե, ես ըլ կուգամ, երթանք։

— Ո՞ւր տեղ են։

— Վարի թաղը։

Թորիկր գնաց խանութի ետևի կողմը, իրար վրա դարսված փալանների ետևը և ընկերոջն էլ կանչեց այնտեղ։ Երկուսն էլ մի֊մի գավաթ օղի տնկեցին։

— Օ՜խ, մինչև ոտքիս մատները հասավ,— ասաց ընկերը։

Ընկերը գնաց դուրս՝ կրկին խոսք վերցնելով, որ գիշերը կպատահեն Աղանիկենց ծառի տակը։

Թորիկը նստեց կիսավարտ փալանի առաջ, վերցրեց մախաթը, բայց չկարողացավ շարունակել աշխատանքը, նրա մտքի փոքրիկ աշխարհում բարձրացան տարօրինակ պատկերներ, մեկը մյուսից ավելի գունագեղ, մեկը մյուսից ավելի ահեղ։