Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 22.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Թորիկ, ինտո՞ր ես։

Ոչ մի պատասխան։ Թորիկը ոչինչ չէր լսում, նա տարված էր անսովոր երևակայությամբ, որ միատեսակ չէր, երբեմն ուրախ, բարձր տրամադրություն և երբեմն մարմինը փուշ֊փուշ անող սարսուռ, սարսուռն այն հեռապատկերի, որ կարող էր հանկարծ իմացվել քաղաքում։

Բոզ․․․ զարհուրելի էր այդ բառը։

Թորիկը հիշեց մի քանի դեպքեր․ Պոլսից եկած ուսուցիչ պարոն Բուռնազյանին փողոցները ման ածելովն թքեցին երեսին և խայտառակեցին, փաստաբան Կուլեսերյան էֆենդիի մեծ տղային բռնեցին փողոցում և, իբրև նշավակ անլուր սրիկայության, երեսին մարդկային կղկղանք քսեցին, թոփալ Արթինը կես֊գիշերով ստիպված եղավ փախչել քաղաքից և էլ չվերադարձավ։ Անվերջ էր դեպքերի շարանը։ Բայց Թորիկին ոչ մի ահ չպատճառեց այդ բոլորը։

Եվ գիշերը մարդկային մի ստվեր մոտեցավ Աղանիկենց ծառին։

— Ո՞վ է,— ձայն տվեց մեկը։

— Ես եմ, Թորիկը։

— Ուշացար, ծո։

Թորիկը բռնեց ընկերոջ ձեռքը։

Լռություն։

— Երթանք, ուշացանք։

— Քիչ մի սպասե։

Թորիկն իրեն հաստատ գետնի վրա չէր զգում, նրա ամբողջ մարմնում թռիչք կար, մի անծանոթ երգի բեկորը կրկնվում էր նրա ուղեղում։

— Երթանք։

Ընկերը Թորիկին գրեթե բռնի առաջ մղեց։

Եվ կես֊գիշերին Աղանիկենց ծառի տակից դուրս սողոսկեցին երկու մարդկային ստվեր և ուղղվեցին դեպի Վարի թաղը։

— Ո՞ւր։

— Վարի թաղը, բոզերը հոն են։

Թորիկին մի դող բռնեց, կանգնեցրեց նա ընկերոջը, գոտու փաթից դուրս բերեց օղու մի փոքրիկ շիշ, տվեց ընկերոջը։ Ընկերը տնկեց բերանին և տվեց Թորիկին։ Թորիկն էլ քաշեց։