Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 29.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Տե՛ս, կնիկս տե՛ս։

Անժելը, վախից բռնված թռչունի պես, նվաղկոտ և կապույտ աչքերով, նայեց Թուրվանտա Քորոյին։

— Քա՛, հրեշտակ կնմանի։

— Անունն էլ հրեշտակ է,— հպարտությամբ հայտարարեց Թորիկը։

Թուրվանտա Քորոն գրկեց Անժելին և չափչուփ համբուրեց.

— Թուրիկ մորքոր, անոթի ենք, բան֊ման բեր՝ ուտենք։

Թուրվանտա Քորոն փութկոտությամբ վազեց դուրս։

— Նստե, հրեշտակս, իշտե էս տունը քուկդ է, բոլորը քուկդ է, բոլորը,— ասաց Թորիկը։

Անժելը դիտեց մաքուր, անպաճույճ շրջապատը և սկսեց լաց լինել։

— Ինչո՞ւ կուլաս,— հարցրեց Թորիկը կոպիտ ձեռքերով շոյելով նրա ոսկեգույն ծամերը։

— Ուրախ եմ, ատոր համար կուլամ,— պատասխանեց Անժելը հեկեկալով։

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար, ասկե ետքը ալ մի լար, քանի ես սաղ իմ, աչքերդ արցունք չպիտի տեսնան։

Թուրվանտա Քորոն ներս մտավ, տեսավ Անժելի լացը և նայելով Թորիկին՝ կշտամբեց․

— Բան֊մա՞ն ըսիր աղջկան։

— Չէ, Թուրիկ մորքոր, բան չըսի, կըսե՝ «ուրախ եմ, ատոր համար կուլամ»։

Թուրվանտա Քորոն մոտեցավ Անժելին, գրկեց նրա գլուխը, սեղմեց կրծքին և ասաց․

— Մի՛ լար, ձագուկս, մի՛ լար, կերևա որբ ես, Թորիկս ըլ որբ էր, ես անոր մեր եղա, քըզի ըլ կըլլիմ։

Եվ կես֊գիշերից հետո՝ Թորիկը և Անժելը կերան պանիր֊հացը, խաշած ձուն, մածունը, կանաչեղենը, իսկ Թուրվանտա Քորոն, նրանց դիմացը նստած, ձեռքերը ծալած փորի վրա, նայում էր Անժելին հիացմունքով և մայրական գորովանքով։

— Թուրիկ մորքորիս պես աշխըրքի մեջ երկուք չի կա, մեկ հատիկ է,— ասաց Թորիկը։

— Այդպես կերևի,— արձագանքեց Անժելը, նայելով Թուրվանտա Քորոյին և ժպտալով հակինթյա շողերով։

Ապա Թուրվանտա Քորոն վեր կացավ, Թորիկի անկողնի