Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 30.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակեղենները փոխեց, իր անկողինը տարավ մյուս սենյակը, վերադարձավ, հավաքեց սեղանը և ասաց․

— Թորիկ, օղուլ, հրեշտակդ խոնջացած կերևա, պառկեք։

— Հա, հրեշտակս հոգնած է։

Քիչ անց Թորիկը ճրագը մարեց, մթնում լսվեց կանացի շորերի շրշյուն, որից Թորիկը հազիվ կարողացավ բռնել սրտից դուրս փախչող թռչունը։


ԺԲ

Առավոտյան Թորիկը շուտ զարթնեց, տեսավ Անժելին, որի ոսկեգույն ծամերը թափվել էին բարձի վրա, ինչպես առավոտյան արևի շողերը, երկար դիտեց նրա բաց և վարդագույն թևերը։ Անժելը բաց արավ աչքերը, որ շողացին՝ ինչպես լեռնային զով լճակներ։

— Հըլե, շուտ է, քնացիր, աղվորս։

Անժելը շուռ եկավ և փակեց աչքերը։ Ոտների մատների վրա քայլելով, Թորիկը դուրս եկավ սենյակից, թողնելով որ կինը քնի, ինչքան ուզենա։

Խոհանոցում Թուրվանտա Քորոն զբաղված էր։

— Թուրիկ մորքուր, ի՞նչ կընես,— հարցրեց Թորիկը։

— Հալվա կեփեմ, օղուլ, կապույտ աչքերով կնկանդ համար հալվա կեփեմ։

Թորիկը խելահեղ գորովանքով գրկեց Թուրիկ մորաքույրին և սեղմեց կրծքին։

— Տեսա՞ր ինչ աղջիկ գտա։

— Քա, ո՞ւր տեղեն գտար էդ հրեշտակը։

Թորիկը կարող էր երբեք չասել, թերևս Թուրվանտա Քորոն երբեք էլ չիմանար այդ մասին, բայց Թորիկը ոչինչ չծածկեց և ուղղակի, կոպիտ կերպով ասաց։

— Վո՜ւյ, աչքս քոռանար՝ չի տեսնայի,— բացականչեց Թուրվանտա Քորոն և զարկեց ծնկներին։

Թորիկը ցնցվեց։

— Ի՞նչ եղար, Թուրիկ մորքոր,— հարցրեց ընկճված։

— Թորիկ, օղո՛ւլ, ընծիս մորթեիր, ետքեն էդ բանն ընեիր,— լաց լինելով պատասխանեց Թուրվանտա Քորոն։

Թորիկը ոչինչ չհասկացավ, բոլորովին կուրացած իր սիրուց։