— Ֆապրիքաթոռին աղջիկը իմ կնկանս եղունգին հետ չիմ փոխեր։
— Մ՚ըսեր, օղո՛ւլ, մ՚ըսեր, ես ինչպե՞ս մարդոց երեսին տի նայիմ, երթամ պառկիմ Գիրգոր աղայիդ ծոցը։
— Թուրիկ մորքոր, ընծի պես որբ է,— շշնջաց Թորիկը խորապես հուզիչ և դողդոջուն ձայնով։
Անժելը զարթնեց, դուրս եկավ և տեսավ Թուրվանտա Քորոյին և Թորիկին միջանցքում նստած՝ տխուր և մռայլ։ Նա վազեց, գրկեց Թորիկի գլուխը։ Թուրվանտա Քորոն խեթ նայեց Անժելին, բայց Թորիկը գրկեց կնոջը, բարձրացրեց, դրեց ուսին և սկսեց ման ածել միջանցքում։
— Գիտես քի թռչուն է, էնպես թեթև է։
Անժելը ցատկեց Թորիկի ուսից, մոտեցավ Թուրվանտա Քորոյին, գլուխը դրեց նրա կրծքին և շշնջաց.
— Թուրիկ մայրիկ, դուն Թորիկին մորաքույրն ես, բայց իմ մայրիկս ես։
Այդ խոսքն ազդեց Թուրվանտա Քորոյին, համբուրեց նա Անժելին, բայց ոչինչ չկարողացավ ասել։
Քիչ անց՝ Թորիկը և Անժելը երբ հալվան կերան, վերջացրին, Թորիկն ասաց.
— Երթանք, պսակվինք։
Անժելը լուռ հետևեց Թորիկին։
— Վկայական հարկավոր է, օրհնած,— ասաց տերտերը։
— Աման, տերտեր պապա, բարակները մ՚երթար,— ասաց Թորիկը և մի մեջիտիե դրեց նրա ափի մեջ։
…և եղիցին երկոքյան մի մարմին և մի հոգի…— կարդաց տերտերը։
— Մեկ մարմին և մեկ հոգի, իշտե շիտակ է,— բացականչեց Թորիկը, իսկ Անժելը լռությամբ և երկյուղածությամբ համբուրեց արծաթյա խաչը։
Երբ վերադարձան տուն, Թուրվանտա Քորոն ասաց Թորիկին.
— Քա՛, օրհարսակ է, խանութ չպիտի՞ երթաս։
— Չէ, չպիտի երթամ,— պատասխանեց Թորիկը և կարոտագին նայեց Անժելին։
— Խանութեդ ետ մի մնար,— ասաց Անժելն ընկերական տոնով։