Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 33.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Դուն դեմ չե՞ս, որ ես քիչ մը սենյակի ձևը փոխեմ։

— Էս բոլոր տունը քուկդ է, ինչպես կուզես, էնպես ըլ ըրե, ինչ ընես՝ իմ ընդունակս է։

Անժելը թռչկոտեց։

Երեկոյան, երբ Թորիկը տուն վերադարձավ, գրեթե չճանաչեց իր տունը, բոլոր կահ֊կարասիների տեղերը փոխված էին, ավելի հարմար և ավելի ճաշակով դասավորված, հակառակ այն իրողության, որ ոչ մի նոր կարասի չէր ավելացած, ոչ մի առարկա ուրիշ առարկայով չէր փոխարինված։

Թորիկը երկար և զմայլանքով դիտեց տունը և զգաց, որ իր հոգում ծագած երեկվա լույսն այսօր ավելի է լայնացել։

— Հրեշտակս,— ասաց Թորիկն անկեղծորեն,— խոնջեցեր ես, էս գիշեր շուտ պառկիր։

Անժելը, առանց կեղծելու, հավաստիացրեց, որ երբեք չի հոգնել և եթե աշխատանք լինի, ողջ գիշերը կանի։ Թորիկը չհավատաց նրան, որովհետև երբեք չէր կարող երևակայել այն մաշող հոգնությունը և այն հոգու մռայլությունը, երբ ամեն գիշեր ստիպված էր նա նոր հաճախորդներ ընդունելու։


ԺԳ

Օրերը թռչում էին աղավնիների նման Անժելի և Թորիկի համար, բայց քաղաքում ծայր առավ և աճեց գարշելի բամբասանքը։

— Ծո՛, լսե՞ր ես, փալանճի Թորիկը բոզ է բերեր տունը։

Եվ Թորիկին մատով էին ցույց տալիս։ Մինչև անգամ այն ընկերը, որ պատճառ եղավ, որ Թորիկը ծանոթանա Անժելի հետ, կապերը խզեց Թորիկից։

— Ծո՛, բոզը տեսավ֊չտեսավ, կատվի ձագի պես խածավ, տուն տարավ,— պատմում էր նա բոլորին։

Թուրվանտա Քորոն թեև լռեց, «լեզուն տակը դրավ»՝ ինչպես ինքն էր ասում, բայց չկարողացավ հաշտվել ահավոր եղելության հետ— իր հարսը բո՜զ։ Սարսափելի։ Ամիսներով ո՛չ բաղնիս գնաց, ո՛չ շուկա, ո՛չ եկեղեցի և ո՛չ էլ որևէ ծանոթի տուն։

— Մնամ տունը, մինչև աստված կանչե, երթամ քովը,— ասում էր Թուրվանտա Քորոն։