Էջ:Գաղթականներ 11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆլա շատ եմ տեսել, նրանց հետ շատ եմ գործ ունեցել․ բայց նրանք, որ անցան քիչ առաջ՝ ոչինչ չունեին․ դժվար թե տեղ էլ հասնեն. կեսը ցրտից, կեսն էլ անոթությունից կկոտորվեն. դեռ տեսնենք սահմանապահ զորքերը կթողնե՞ն նրանց անցնելու։

— Մի՞թե չեն թողնում.— հարցրեց Պետոն։

— Որտեղի՞ց․․․ շղթա են կազմել ու ետ են մղում․ սահմանագլխի գյուղերում, Դալի–Բաբայի վրայով գնացողները շատ են։ Մի կերպ անցել են, բայց շատերը հենց ցրտից կամ քաղցից տեղնուտեղը ընկնում են։ Իմ եղբայրը չգիտե՞, որ Մշից եկածները ոչինչ չունին։

— Ես այդ գիտեմ,— հարցմանը պատասխանեց Պետոն,— բայց չգիտեի, որ սահմանապահները չեն թողնում անցնելու։

— Այո, չեն թողնում,— պնդեցին մյուս քուրդերը։

— Իսկ այս կողմից անցնողներ շա՞տ կան։

— Առաջ ոչ այնքան,— պատասխանեց մի երրորդ քուրդ,— իսկ այժմ անցնում են, որովհետև արգելվում են մյուս կողմերից և թե Արփաչայի ձորում թալանվում են, սպանվում։

— Նրանց թալանողները նամարդներ են,— գոչեց ուժգնությամթ տանուտերը,— ընկածին չեն խփիլ։

— Հասնանցիներն են,— ասաց տանտիրոջ փոքր եղբայրը,— բոլորովին մերկացնում են, շապիկն անգամ հանում են․․․

— Սարսափելի է,— ասաց զայրույթով Ֆնդոն,— էլ տղամարդություն չէ մնացել քուրդի մեջ, էլ ոչ ոք չէ հիշում, որ «ադար ըժդին չէտըրա (ամոթը կրոնից առավել է)․․․ էլ ամոթ չմնաց քրդի մեջ․ ինչ անենք, որ գյավուր են։

— Մեր շեյխը ավելի լավ է և արդար է վարվում,— ասաց չորրորդ քուրդը,— առնում է ամեն ինչ որ ունին այդ ֆլաները, հետո առանց վնասելու՝ բաց թողնում։

— Ֆլաները լավ աշխատում են,― ասաց մի քուրդ,— նրանք աշխատում են մեզ համար․ սիրուն կանայք էլ ունին։

— Եղբայրս ճիշտ ասաց․— ծիծաղեց Պետոն,— ֆլաները սիրուն կանայք շատ ունին․․․ եղբայրս տեսե՞լ է սկի։