Էջ:Գաղթականներ 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու տարի է, որ ուզում եմ մի ֆլա աղջկա․ այդ աղջիկը անցնող խմբի մեջ պիտի լինի։ Մշո դաշտից այստեղ եմ եկել միմիայն նրան ձեռք ձգելու համար։

― Վա՛հ, —ասաց մի քուրդ,— մի՞թե այդքան սիրուն ֆլա աղջիկ կար նրանց մեջ, ափսոս ես չտեսա։

— Իմ աղան շատ ջահել է,— ժպտեց տանուտերը, — Ֆլա աղջիկը չարժե, որ դու նրա համար Մշո դաշտից այսքան տեղ գայիր։ Բայց եկել ես․ և եթե ուզում ես հասնել, քեզ պետք է շտապել։ Սահմանը շատ մոտ է․ Քեոսե֊դաղի գագաթը մեր գյուղի մեջքն է․ իսկ այդ հաստ ու լայն մեջքի ետևումն է ռուսաց հողը․․․ խումբը պտույտ կգործի սարի լանջի վրայից և աջ կողմով կիջնի մյուս ստորոտը։

— Ուրեմն ես աջ կողմո՞վ պիտի գնամ։

— Նախ ուղիղ և ապա միշտ ձախ՝ ու ներքև․․․ Ձյունի վրա իմ աղան կտեսնի նրանց հետքերը․ իմ աղան թող շտապի, եթե ուզում է հասնել նրանց։

Պետոն թևին ձգեց հրացանն ու քայլեց դեպի դուռը։ Բոլոր քուրդերը նրա հետ դուրս գնացին և նորից մոտեցան բոցավառ խարույկին։

— Ահա՛,— ցույց տվեց հյուրընկալը ձեռքը դեպի աջ պարզելով,— քիչ եթե այդպես ուղիղ գնաս, ոտքերի տեղերը կտեսնես․․․ Աստված քեզ հետ։

— Իմ եղբայրր չի՞ կամենալ, որ մեզնից մի քանիսը ընկերանան իրեն,— հարցրեց մի քուրդ։

— Ո՛չ,— շնորհակալ եմ,— պատասխանեց Պետոն, բարևեց և արագ քայլերով մտավ մթության մեջ։

Գյուղը շատ փոքր էր։ Նա շուտով լեռան կուրծքին հասավ և սկսեց վազել։

Անհամբերությունից դողում էր․ էլ ոչինչ աչքին չէր գալիս․ ոչ քար և ոչ փոս։ Մտքով նա ավելի առաջ էր։ Մի բան իրեն ասում էր, որ այդ խմբի մեջն է լինելու Նազիկը։ Ուրեմն այդքան մոտ էր իր սիրելուն․ պետք չէր մի րոպե ուշանալ․ պետք է թռնել դեպի նա, շալակել նրան իր ուսերի վրա, մերկ ոտքերը առնել իր ձեռքերի մեջ, տաքացնել. հագուստովը ծածկել նորա մարմինը, լեռներն ու ձորերը տակն ու վրա անել, երկնքի երեսից թռչուն ցած գլորել՝ կերակրելու