Էջ:Գաղթականներ 16.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղաղակներ էր արձակում, որ, ով գիտե, գուցե նրա վերջին շունչն էր…

― Տե՛ր աստված,— մռմռում էր մի տղամարդ.— մեր մեղքն ի՞նչ էր, որ այս օրին էլ հասցրիր մեզ․․․

Կրակի շուրջը նստոտած հինգ֊վեց տղամարդիկ չէին քնել, կուչ էին եկել և պպզել. առվակներ էին վազում նրանց տակից, ցուրտը սառեցնում էր նրանց մեջքը։

Չէին քնել, աշխատում էին արթուն մնալ։ Նրանցից մեկը, մի ծերունի, ցուպը գոգին և գլուխը ծնկներին կռթնեցրած՝ խոսում էր հոգնած ձայնով։ Լսում էին, և ուժ տալով խոսում էր ծերունին, բայց որքան ակամա, որքան ուժասպառ։

Պատմող ծերունին հիսնամյա, կորաքամակ և կարճահասակ անձ էր. կյանքը զգալի կերպով քայքայվում էր նրա մեջ. վշտեր, միայն վշտեր էին, որ արտահայտում էր նրա հայացքը, դեմքը․ այդ ճանապարհորդությունը ուժ չէր թողել այլևս նրա մեջ։

Բայց նա պատմիչ էր և պատմում էր որպեսզի չթողնի քնելու իր հայրենակիցներին, խմբի պահապաններին։ Պատմել էր նա իր կյանքի ամբողջ ընթացքում, զբաղեցրել եղբայրներին, մոռացնել տվել շատ վշտեր… Այժմ էլ նույնն էր անում։ Փակվում էին նրա աչքերը, բայց նա խոսում էր. լեզուն ուզում էր դադարել, սառում էր նրա մեջ ամեն ինչ, բայց նա դարձյալ պատմում էր․․․

«… Թագավորը ողորմեց նրան, ասաց… Գնա, աչքիցս հեռացիր… ճակատիս այսպես էր գրված, որ մի որդի պիտի ունենայի և այդ որդին՝ իր ազատողի ձեռքով էլ պիտի սպանվեր…»։

Եվ խարույկը ճարճատում էր, կայծեր արձակում ու իր արյունոտ բոցով լուսավորում այդ տեսարանը։ Մթությունը մի քանի քայլ հեռվից ծածկում էր իր մեջ ամեն բան. երբեմն միայն, երբ բոցն էր բարձրանում, ֆոնի վրա գծվում էին ժայռերի մութ ստվերները։

Պետոն կանգ էր առել մի քանի քայլ հեռու և դիտում էր այդ տեսարանը։ Այդքան ողորմելի բան չէր տեսել երբեք․ իր եղբայրներն ու քույրերը, գուցե և իր Նազիկը նրանց մեջ,