Էջ:Գաղթականներ 20.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքա՜ն կուզենար նորից ճանապարհ ընկնել, վազել։ Զգում էր, որ եթե քիչ էլ չշարժվի, կթուլանա այլևս. ոտները սառել էին, պետք էր թշվառների մասին էլ մտածել. պետք է շտապել՝ կտրել լեռները և ընկնել մի գյուղ. մի-մի կտոր հաց, մի-մի տաք անկյուն ճարել նրանց համար։

Դարձավ և գետին փռվածներին նայեց։ Եթե չզարթնեին դրանք, եթե մի քանիսները մեռած լինեին կամ սառած, ինչ պետք էր անել․ թաղել։ Ոչ, ժամանակ կորցնել չէր կարելի․ պետք է քայլել։

Որքա՜ն անգութ բաներ էր մտածում։ Քունը և հոգնածությունը շշմեցրել էին նրան։

— Քայլե՛նք,— գոչեց նա բարձր ձայնով,— ժամանա՜կ է․․․

Շատերր վեր թռան։ Խմբապետը, որ գլուխը կախած՝ քնից հաղթվել էր, ընդոստ ելավ և գոռաց․

— Այո՛, դե՛հ, վե՛ր կացեք․ ժամանակ է, գուցե հաջողվի մեզ սահմանից անցնել քանի լույս չէ։

— Քայլե՛նք․․․— ասաց Պետոն․— աստված ողորմած է։ Ոտքի ելան քնաթաթախ. ցրտից սրթսրթում էին, ատամները կափկափում, կուչ գալիս։ Վերցրին ինչ որ ունեին։ Շատերը չէին կարողանում շարժել իրենց անդամները. թացությունը կյանք չէր թողել նրանց մեջ․ մի քանիսը աղաչում էին, որ իրենց թողնեն տեղնուտեղ մեռնելու․․․ Սկսվեց երեխայոց սոսկալի լացը․․․

Մի քանի երիտասարդներ առաջ ընկան. կանայք և աղջիկներ մեջտեղ մտան ու ծանր, հուղարկավորության պես, խումբը սկսեց ցած իջնել։ Քարշ էին գալիս. հազիվ ոտի վրա կանգնած՝ երերում էին. հորանջում, գանգատվում մեջքի և ազդրերի ցավից. կռթնում էին ընկերներին. իսկ կանանց մեջքի վրա կպած մանուկները, կարծես ձգված մի խոր փոսի մեջ՝ խուլ, քստմնեցուցիչ կերպով վնգում էին։ Նրանցից մի քանիսները լռել էին. քնած էին թե սառած, ով գիտեր․ ոչ ոք սիրտ չէր անում ստուգելու։

Իջնում էին ցած։ Պետոն խմբապետի հետ առաջնորդում էր խմբին. իսկ մի երիտասարդ, որ հսկողն էր, անդադար