Էջ:Գաղթականներ 23.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևն էր փայլում, երբ ծաղիկները միացած, օդը հոտով էին լցնում և երբ ծիծառներն ու սոխակները երգեր դայլայլում… Հավարն ընկավ գյուղը։ Քուրդերը դաշտում վրա էին տվել, տավարը փախցրել ու մարդ սպանել… Սպանվածին էին բերում։

Իսկ հայրը նստել իր դռան առաջ՝ երազում էր։ Հավարը նրան երազից չէր կորզել։ Երազում էր իր որդու վրա։ Ահա ամուսնացնում է նրան․ ունի թոռներ․ հարսը իրեն խնամում է, և թոռները՝ գալիս մագլցում են նրա ծնկների վրա, խաղում նրա մազերի հետ, և ինքը օրորում է փոքրիկին ու իր գիտցած հին լելեներից մեկը երգում է նրան քնեցնելու համար․․․

«Լե՜, լե՜, բալաս, լե, լե, ձագուկս, լե՜, լե՜,
Թռչունը կե՛րգե։ Հովն ալ անուշ կբուրե.
Լե, լե, բալա՛ս․․․

Բայց այն ի՞նչ է․ այդ ի՞նչ բազմություն է, որ գալիս է դեպի իրեն փողոցը։ Խոսում են, գոռգոռում, մի բան են բերում հետները․ արդյոք իր դրացիների՞ց է զարնվածը․․․

Գալիս են դեպի նրա կողմը․․․ մոտենում են։ Ոչինչ չէ հասկանում… հիմա՜ր են, ինչ են այդ գյուղացիները. գժվել են։ Ի՞նչ գործ ունեն իր հետ… Հեռու, հեռու գնացեք, սպանվածի հետ գործ չունիմ ես, ոչ…

Մոտենում են… Հանկարծ նա վեր է ցատկում, ձգում է ձեռքի ցուպը… մի վայրենի, սոսկալի աղաղակ է դուրս թռչում նրա կոկորդից․․․ հարձակվում է դեպի եկողները… իր որդին էր այդ․ սպանված, դաշունահար… Շարժում է, սարսափելի ձայնով մահ է նա կանչում…»։

Ամենքը կանգ էին առել․ պատմիչի ձայնը լցվում էր մի խռպոտ հուզմունքով։ Լալիս էին։

Կանգնել էր պատմիչը ձյուների մեջ, ձեռքերը առաջ պարզել, սոսկալի վշտով ակոսված ու գունատ դեմքը կիսալուսին տվել, աչքերը վեր, մազերը փչող քամուն…

Ասաց, մի րոպե լռեց, հետո տեղնուտեղ իջավ, որպես իջնում է մարող մի խարույկ, ցուպը կողքին ընկավ։ Եվ ոչ ոք շարժվեց իր տեղից։