Էջ:Գաղթականներ 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտոնյայից․․․ այժմ նրանց մի֊մի անկյուն էին հատկացրել քաղաքում։ Ոմանց՝ հին, անբնակ կիսավեր տների մեջ պատսպարել, ուրիշներին այս, այն խարխուլ խրճիթը տվել, շատերին գյուղերն էին ցրել, իսկ ուտելու համար ոչ միայն ալյուր էին բաժանում, այլ ամեն օր մսով կերակուր տալիս։

Հալածվածներն այդպիսով փրկվել էին։ Մանավանդ, որ էլ վախ չունեին իրենց աղջիկների առևանգվելուց կամ կանանց անպատվության ականատես լինելուց։

Խոսում էին այժմ նրանք, ծիծաղում, կատակներ անում։ Մի կողմում, քարակույտի վրա, մի նոր գաղթած կին հներին պատմում էր իրենց ճանապարհորդությունը, թվում ճանապարհին ցրտից ու քրդերից սպանվածներին․․․ գերանների վրա բազմած երիտասարդներից մեկն էլ պատմում էր Համիդեի զորքի գործերը։

Կտուրի վրա նստած կային ծծկեր մանուկ ունեցող կանայք և ջահել աղջիկներ․ սև էին և ցնցոտիներով պատած, բայց սիրուն էին և կարսեցի շատ ջահելներ իրենց հայացքը հաճախ ուղղում էին դեպի այդ դեմքերը։

Ցածում, լուսամուտի առաջ, միմյանց էին հրում և աշխատում էին միմյանց առաջ կանգնել ու լուսամուտին մոտ լինել, ամենից առաջ կերակուր ստանալ։ Մեծ մասը մանուկներ ու պատանիներ էին։

Ներսում խոհարարը երկար շերեփով մեծ կաթսաների կերակուրն էր խառնում․ նրա օգնականը փայտ էր ձգում հնոցի մեջ, իսկ հերթապահ ակնոցավոր երիտասարդը՝ բաժին ստացողների ցուցակը զննում։

Եղանակն այդ օր քիչ տաք էր, արևը թեև պայծառ փայլում էր, բայց քամի կար և բավական խիստ քամի։

Ճաշարանը գրեթե բազարի մեջ էր, գլխավոր ճանապարհի կողքին․ դրա համար էլ կառքերի և բազմության ձայները բակի լայն դռնից ազատությամբ ներս էր լցվում։

― Ասում են, որ ճաշարանը շուտով փակվելու է,― խոսում էր մի ալաշկերտցի պառավ,― դո՞ւք էլ լսել եք։

— Չէ, չե՛նք լսել,— պատասխանեցին շատերը։

— Ի՞նչ պիտի լինի մեր դրությունը,— գիտել տվեց մի ուրիշ կին,— որդիներս կկոտորվեն քաղցածությունից․ մարդս