Էջ:Գաղթականներ 26.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռել է. պստիկներից մեկն էլ հիվանդ է. չգիտեմ ի՞նչ անել։

— Ապա ե՞ս,— ձայնեց մի քիչ հեռու մի երրորդը,— երեք որդի ունեմ, երեքն էլ տկար, թույլ, փոքր․․․

— Ասե՛ք, ասե՛ք,— ճչաց մի տեղացի աղքատ կին,— բոլորդ էլ սուտ եք ասում, մեկը երկու եք շինում և եկել եք մեր հացը կտրում…

— Ծո, քեզի՞ ինչ,— պատասխանեց նրան ալաշկերտցի պառավը,— քո հացը ո՞վ է կտրում, ազգը սաղ կենա։

— Այ ազգը խռով կենա գլխիդ, անատամ պառավ,— գոչեց մի ուրիշ տեղացի,— վեր եք կացել ձեր երկրից եկել ու ազգի ձրի հացը ուտում եք. ծույլ, ստախոս հարամներ, ոչ ուզում եք գործ անել, ոչ էլ մի տեղ նստել…

Ալաշկերտցի պառավը զայրացած շարժվեց, մյուս կանայք սպառնական դիրք բռնեցին և անշուշտ սկսվելու էր մի թունդ կռիվ տեղացի և գաղթական կանանց մեջ, երբ մի կառք դղրդյունով ներս մտավ բակը, կանգնեց մեծ աղտոտ առվակի մոտ։ Կառքից ցած իջավ պաշտոնական հագուստով հասակավոր մի անձ, արագ քայլերով անցավ առվակը և ներս մտավ։

Ամենքը լռեցին, բոլորը, նույնիսկ կանայք ոտքի ելան։

Պաշտոնական անձը, որ զինվորական բժիշկ էր երևում, թեթև կերպով բարևեց բոլորին և ճաշարանի սենյակը անցավ․ բայց մտնելուց առաջ, դռան մոտ քիչ կանգ առավ և ասաց.

— Հա՛, հը՛մ, արդեն այդքա՜ն հավաքվել են. ինչքա՜ն շատ են այսօր… Հաց պետք է, որ դիմանա։

Այդ ասելուց հետո բժիշկը խոհարարին դարձավ.

— Մի՞թե պատրաստ չէ կերակուրը,― հարցրեց շտապով։

— Պատրաստ է,— ասաց հերթապահը,— սկսենք։

— Դե՛հ,― խոսեց բժիշկը դրսի ամբոխին,— քիչ ետ քաշվեք․ տետրակներդ էլ պատրաստ պահեք. կերակուրը բաժանվելու է։ Հանդարտ կացեք, իրարու չհրեք։

Սկսեցին իրարու հրել, ճզմել, ամաններն ու տետրակները միմյանց ետևից պարզվեցին դեպի լուսամուտը, լսվեց հայհոյանք, հառաչ, ճիչ, անեծք։