Էջ:Գաղթականներ 32.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքեր, որոնք զննում են քեզ ինչպես մի ջենեվերի և կամ ցավում են վրադ, խղճում են քեզ․․․ Երբ խոսեցնում են, նրանց ձայնն իսկ վիրավորական է, նրանց քաղցրությունը բարկացնում է քեզ. զգում ես, որ խեղճ ես, խղճում են, ողորմելի ես և ողորմում են. ոչինչ չունես, և տալիս են․․․ ինչո՞ւ։ Չէ, գնանք, մեռնենք մեր հողի վրա, հպարտությամբ մեռնենք, թեկուզ անոթությունից․․․

Նստեց։ Բաղնիքի մեջ մյուս կանայք ու տղամարղիկ լռել, նրան էին լսում։ Իսկ նրա ձայնը դողում էր և խիստ հուզված էր։

— Գնանք,— շարունակեց նա,— ես մինչև իսկ լավ եմ համարում քուրդերից սպանվել, քան այսպես կյանք վարել։ Ինչ է այս մեր վիճակը․ այս թաց գետնի վրա անդամներդ են փտում, բորբոսնում․ առանց ծածկոցի, ցուրտ, քամի․․․ Մի կտոր հագուստ չունենք պատսպարվելու, մի քիչ տաք ջուր՝ մաքրվելու․․․ Իսկ այնտեղ թողել ենք մեր արտ, մեր գութան, մեր տավարն ու մեր տուն, մեր օդն ու ջուր, անուշ, զղզղուն ջրեր։ Ահա գարունն էլ եկավ, կբացվին ծաղիկներ, օդը կլեցվի մեր թռչունների ճլվլոցով, Սասնո լեռներից հեղեղատներ կիջնեն․․․ էհ, մարե, միտդ բեր մեկ այն սիրուն լեռներ, այն խոտն ու ձնծաղիկ, լալան ու մանուշակ․․․ Վեր կաց, մարե, փառք աստծո, քանի ես կենդանի եմ՝ ձեզ դիպչող չի լինիլ․ երկիր գնանք, թե լավ թե վատ, մեր տուն֊տեղաց մեջ սթարվենք, հալբաթ մի կտոր հաց կլինի, որ առանց թուք ու մուրի կուտենք, վեր կաց, մարե…

Պառավի և բոլոր լսողների աչքերում արտասուքի կաթիլներ փայլեցին։ Ամենքը սկսեցին մտքով պատկերացնել այն բոլորր, ինչ որ այնպես ոգևորությամբ նկարագրում էր Պետրոսը։

Իսկ քամին դրսում սուլում էր տխրագին և պտույտ գործում բաղնիքի ավերակների մեջ։

— Էհ, որդի,— խոսեց հիվանդը,— մեռնեմ արևուդ, իմ անուշ որդի․ իմ օրերը համրված են. ես էլ մնացի այստեղ. շատ֊շատ մի քանի օր էլ ապրեմ։ Երբ թաղես ինձ, առ իմ Նազիկ, պահիր նրան, բայց տար երկիր և թող այս թշվառությունների մեջ չմնա։ Թե քուրդեր սպանեն՝ թող գրկիդ մեջ մեռնի։ Բարեկամներ կան այնտեղ, ծանոթների մեջ․․․ գնացեք