Էջ:Գաղթականներ 33.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունուտեղ եղեք, մի տեղ սթարվեք, էլ ձեռք մի պարզեք․․․ Մի֊մի անգամ էլ ձեր պառավ, օտար հողի մեջ թաղված թշվառ մորը հիշեք և ողորմիս ասեք։

Կոկորդը լցվեց․ ձայնը պահ մի կտրվեց։ Գլուխը դրեց բարձին և փակեց աչքերը։

— Երանի ձեզ,— շարունակեց նա մրմնջալով,— հազար երանի, որ էն սիրուն դաշտեր պիտի տեսնեք, էն զղզղուն անուշ ջրեր խմեք, էն մեռոնի ծաղիկների հոտն առնեք․․․ մեր ոչխարների, գառների մայոց լսեք, մեր արտի ցորեն ուտեք, այգու խնձորենու տակ նստեք․․․ Աստված իմ, աստված իմ, ինչ էի արել քեզ, որ իմ երկրից հեռու եմ մեռնում, ոսկորներս երկրիս հողին արժանի չես անում․․․ ի՞նչ արի, ի՞նչ մեղք գործեցի։

Եվ լալիս էր խեղճ կինը։

Պետրոսը ավելի և ավելի հուզվում էր։

— Մարե,― ասաց նա,— հոգ մի անիլ, կլավանաս, քեզ էլ մեզ հետ կտանենք։

— Չէ՛, որդի,— աչքերը բաց արավ հիվանդը,— ես գիտեմ ասածս․ իմ երկրիս արևն էլ չեմ վայելելու… Կյանքը ձերն է այժմ․ դարձեք. մեր հողերի տերն եղեք։

Ճաշ ստացողները հետզհետե վերադարձան, ներս էին գալիս, իսկ հիվանդը բոլորովին ուժասպառ էր եղել։ Ընկավ բարձի վրա, նորից աչքերը փակեց։ Երկու երիտասարդները նստեցին նրա սնարի մոտ։

Գաղթականները նստեցին խոնավ գետնի վրա, և նրանց ճաշը սկսվեց։

Սուլում էր քամին դրսում, թնդացնում բաղնիքի պատերը․ պտույտներ գործում ավերակների մեջ, հետզհետե մթնանում էր, և արեգակը ծածկվում սև ամպերի տակ…

5

Խստաշունչ ձմեռվա օրերը գրեթե անցնում էին. եղանակը մեղմանում էր, ձյուները հալվում էին, ջրերը՝ բացվում։

Ավերակների բնակիչները կես էին եղել։ Շատերը մեռել էին, մի քանիսներին հաջողվել էր շարժել տեղացիների կամ շրջակա հյուրասեր գյուղացիների գութը, և գնալ լցվել նրանց գոմերը․ ուրիշներն էլ այս֊այն պանդոկի մեջ էին