Էջ:Գաղթականներ 35.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ աշխատում էին քայլել միշտ այնպիսի տեղերից, ուր կարողանային հանկարծակի հարձակման ժամանակ՝ պաշտպանողական և շարժվելու տեղ ունենալ։

Լրտեսությունը կառավարության կողմից լինել չէր կարող։ Կառավարության զափթիեները կմոտենային իսկույն և «հանուն օրինաց» կկռվեին կամ կկողոպտեին. պետք եղած ժամանակն էլ՝ առանց կռվի կսպանեին և կերթային հայտնելու, որ «ապստամբների» են սպանել։

Բասենից հետո ճանապարհորդները մի նոր բան էլ սկսեցին նկատել։

Երկիրը առաջվա դրության մեջ չէր․ ամեն քայլափոխում ասպատակների նոր շինած ավերակների, կողոպտված գյուղերի և այրած տների էին պատահում․ ամեն կողմից քուրդ գնդերի բարբարոսության մասին էին լսում․ գալիս էին այն եզրակացության, որ անձնապաշտպանության համար հարկավոր էր գնդակահար անել յուրաքանչյուր պատահած քուրդի։

Այդ մտքով ղեկավարվելով, երբ նրանք իններորդ օրը Խնուսից անցնում մտնում էին Մշո երկրի լեռները, մի հովիտի սկզբում, գիշերով, Կարոն հանկարծ կանգ առավ, բարկության մի շարժում գործեց, լարեց հրացանը դեպի մի բլուր և կրակեց։

— Հոգիներս հանեցին անիծածները․— մռմռաց նա։

Գիշերային լռության մեջ հրացանի ձայնը որոտման պես թնդաց։ Բարձրության վրա մի քուրդ էր, որ կծկվել՝ լրտեսում էր. գնդակը ստանալով՝ նա մի ճիչ հանեց, հետո գլորվեց ետ և անհետացավ բլրի ետևում։

— Այդպես,— ասաց Կարոն,— այսուհետև ամենքին էլ այդպես եմ ընդունելու․ խելք ունին՝ թող չերևան։

Այնուհետև նրանք մտան հովիտը և առաջացան դեպի ցած երևացող մի ժայռոտ բարձրություն, որի մոտի ձորով նրանք մտնելու էին Մշո երկիրը։

Հազիվ թե կես ժամ արշավակի քայլել էին նրանք, Գաբրիելը բոթեց Կարոյին և ասաց․

— Նայիր այդ կողմը․․․