Էջ:Գաղթականներ 36.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեռվից, այս անգամ մի ձիավոր էր, որ մյուսների պես փոխանակ լրտեսելու, սրարշավ մոտենում էր։

— Հը՜մ,— արեց Պետոն,— վերջապես կիմանանք, թե ինչ են ուզում մեզնից։ Կանգ առնենք, տղերք, և զգուշություն․ մի քանիսը թող ամեն կողմը լավ զննեն առանց շարժվելու։

Ձիավորը մոտենում էր այնքան արագությամբ, որ ցայտեցնում էր սառած ձյունի կտորներ։ Նրա նիզակը ցցված երևում էր աջ ոտի կողմից, իսկ ուսագլխի վրա փողփողում էին վահանն ու հրացանը։

Լուսնկա գիշերով նրա ստվերը երկարորեն գծվում էր ձյունի սպիտակության վրա։

Երբ բավական մոտեցել էր խմբին, հանեց ուսից հրացանը, ծնկի վրա դրեց, հետո ձիու սանձը քաշեց և պահ մի կանգ առավ։ Պետոն ուղղեց դեպի նա իր հրացանը և բարձրաձայն գոչեց․

— Ի՞նչ ես ուզում, կռո․․․

— Ես կռիվ չեմ ուզում առայժմ,— պատասխանեց քուրդը,— ուզում եմ ձեր գլխավորի հետ խոսել։

— Մոտեցիր,— ձայնեց հրամայական Պետոն, և երբ քուրդը քիչ էլ մոտ եկավ, ասաց,— խոսի՛ր, ի՞նչ ես ուզում։

— Ուրիշ քուրդեր էլ, նայեցեք,— ասում էր այս միջոցին Գաբրիելը Կարոյին։

Եվ իրավ, հորիզոնի վրա, սակայն դեռ շատ հեռու, երևում էին սև կետեր։

Քուրդը կանգնեց մի քանի քայլ հեռավորության վրա և ասաց․

— Դուք որտեղացի՞ եք։

Պետրոսը դեմքը կնճռեց և ասաց խրոխտ․

— Մեզ ոչ ոք իրավունք չունի հարց տալու, այլ պարտավոր է միմիայն պատասխանել․ ի՞նչ է ուզածդ, ասա և ապա կորիր գնա․․․

Քուրդը նախ ձեռքը դաշույնին տարավ, ապա զսպեց իրեն և հպարտությամբ ասաց․

— Գիտցեք, ուրեմն, որ ինձ ուղարկել է իմ աղան․ նա ուզում է իմանալ, թե դուք որտե՞ղ եք գնում։

— Ձեր աղան շատ հետաքրքրվող է․— ժպտեց հեգնությամբ