Էջ:Գաղթականներ 38.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են լինում․ մեր լրտեսները վաղուց հետևում են ձեզ․ վերջինը այժմ հասավ և հայտնեց, որ աղջիկը ձեզ հետ է։ Նրանցից մեկը բավական ժամանակ է, որ Կարս էր և քայլ առ քայլ հետևում էր աղջկան։ Ավելի լավ է տվեք աղջիկը, և ձեր կյանքին չենք դիպչի, թեև կուզեի ես բոլորիդ մորթել և այդ լավ հրացանները ունենալ։

Պետոն այժմ հասկացավ, թե ով է այդ նոր փաշան։ Բաքրանցիների ցեղապետ Յուսուֆ աղան է, Գոմերն ավերող և Նազիկին փախցնել ուզող քուրդը։

Արյունը գլխին խփեց․ մի վայրկյան անխոս մնալուց հետո, ձեռքը դաշույնին տարավ և կատաղությունից հուզված ձայնով ասաց․

— Գնա այժմ և աղայիդ ասա, որ իր նման շներին ընդունելու համար գնդակ ունենք, եթե աղջիկ է ուզում, թող գա․ ես նրան ահա թե ինչ կտամ։

Աջ ձեռքով մտրակը ցույց տվավ և շարունակեց․

— Այժմ կորիր, ստրուկ․․․ և ասա աղայիդ, որ գոմերցի Պետոն սպասում է նրա կաշին քերթելու․․․

Քուրդը ցնցվեց ոչ միայն այդ կծու խոսքերից, այլև Պետոյի անունը լսելուց․ մի սպառնական շարժում գործեց, բայց Պետոյի պարզված ձեռքը և ակնարկը զսպեց նրան։ Նա լռությամբ դարձրեց ձիու սանձը, մտրակեց նրան, ոստնուլ տվեց, ապա մի խուլ հայհոյանք լուտեց և սաստիկ արագությամբ հեռացավ։

Նրա գնալուց հետո մի րոպե գրեթե ոչ ոք չխոսեց և ոչ ոք տեղից չշարժվեց։

— Այսպես ուրեմն.— ասաց վերջապես Պետոն,— այդ շունն է դարձյալ․․․

— Պետք է մի տեղ ամրանալ, Պետո,— միջահատեց նրան Կարոն,— ժամանակ է շտապել։

— Գնանք այդ ժայռոտ կրծքի վրա եղող քարայրները,— ասաց Գաբրիելը,― ես գիտեմ, շատ ամուր դիրք է։

Համաձայնություն կայացավ․ պետք է պաշտպանվել․ հորիզոնի սև կետերը սպառնալից էին և դեպի նրանց գնացող ձիավոր քուրդը քիչ հետո հասնելու էր հրավիրելու կռվի։

Շտապեցրին քայլերը, լռությամբ կտրեցին հովիտն ու