Էջ:Գաղթականներ 39.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մագլցել սկսեցին քարոտ ստորոտից դեպի բլրակի ապառաժոտ կուրծքը, որի վրա, բարձրում, երևում էին երկու մութ քարայրներ։

Կես ժամի չափ սողոսկեցին, անցան նեղ կածաններից, պտույտ արին ժայռերի միջից և, վերջապես, Կարոն ամենից առաջ ոտ կոխելով առաջին քարայրի տափարակի վրա, ձեռք տվեց Նազիկին։ Միմյանց ետևից մյուսներն էլ հասան, կանգ առին և ետ նայեցին։

Քուրդ ձիավորների խումբը սկսել էր շարժվել և մեծանում էր։ Քսան րոպեի բան էր նրանց հասնելը մի այնպիսի հեռավորության վրա, որտեղից գնդակ կարող էր հասնել քարայրներին։ Բազմաթիվ էին նրանք։ Չէին շտապում, հանդարտ ու կանոնավոր արշավանքով առաջ էին գալիս այն որսորդների պես, որոնք ապահով են, որ որսն այլևս չէ խուսափելու։

Քարայրները, ուր մտան Պետոն ու ընկերները, խոր չէին. փոս էին ներսից և պատսպարված դրսից եկող գնդակներից։ Գետնից շատ բարձր էին և տիրում էին դաշտի վրա․ նրանց երկու կողմի շավիղները այնքան դժվար էին ու նեղ, որ երկու հոգով կարելի էր լավ պաշտպանել մուտքերը։ Առաստաղից թափված կավախառն ավազը չոր էր պահել հատակը և մի քանի օջախների մնացորդներ ցույց էին տալիս, որ նրանք ծառայում են եղել իբր փարախ։

Կարոն կտրեց առաջին քարայրը երկրորդից բաժանող մեծ մացառը և մի ընդհանուր տափարակով երկու քարայրները միացան։

Երբ հասան, ամեն մեկը նստեց քիչ հանգստանալու։ Լուռ էին, բայց աչքերնին հառած հեռվում երևացող քրդերի խմբին…

— Լավ եկանք,— խոսեց քիչ հետո Պետոն,— բայց բանտարկվեցինք․ քիչ հետո կհասնեն․ մեր ձյունի վրա թողած հետքերը նրանց կպատմեն մեր տեղը և… չգիտեմ ինչ է լինելու մեր վերջը․ նրանք շատ են և դաշտի վրա… մեզ մնում է մեռնել միայն…

Ոչ ոք չխոսեց։

― Ի՞նչ եք կարծում,— հարցրեց Կարոն քիչ լռությունից