Էջ:Գաղթականներ 41.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նազիկը քաշվել էր բոլորովին խորքը և կծկվել մի անկյունում։

― Կրակ չանեք, տղերք,— հրամայեց Պետոն,— սպասեցեք իմ ասելուն։

Առաջին հարվածից հետո քուրդերը լռեցին։ Խոր լռություն տիրեց երկու կողմից էլ։ Էլի պաշարողները հավաքվեցին իրենց աղայի շուրջը, էլի մեկը նշան դրեց առաջին քարայրը և մի գնդակ ուղղեց նրա ներսը։

Գնդակը գնաց, ներս մտավ, բայց առաստաղից ցած չիջավ և այնտեղից գետին թափեց քարի կտորներ։ Նազիկը սարսափահար՝ ճիչ արձակեց։ Գունատ՝ դողում էր։

— Ոչինչ,— դարձավ նրան Պետոն — քաջ եղիր և մի վախենալ․ տեղիցդ որ չշարժվես, գնդակը երբեք քեզ չի հասնիլ։

Երկու գնդակից հետո քուրդերը երրորդ անգամ հավաքվեցին։ Այս անգամ խորհրդակցությունը երկար տևեց։ Հետո մեկեն նրանք միմյանցից բաժանվեցին և մոտ 20-30 հոգի, զանազան ուղղությամբ, ոտավոր և հրացանի բռին, սկսեցին քարերի միջից դեպի վեր՝ քարայրները բարձրանալ։

— Գալիս են, — ասաց Պետոն,― աչքերնիդ չորս բաց արեք…

Քրդերը մտել էին քարերի մեջ, ծածկվում էին նրանց ետևում, տափականում, սողոսկում էին՝ աշխատելով օգտվել յուրաքանչյուր թփից կամ բարձրությունից ու քարերից, նրա ետևը պահվելու համար։

Պետրոսը գունատ նայում էր և հազիվ կարողանում էր նշմարել եկողներից մեկի կամ մյուսի մեջքը կամ գլխի մասը։

— Պետք է կրակել,— ասաց նա,— դրություննիս վատանում է. տղերք, հենց որ մի ծայր տեսնեք՝ կրա՜կ․․․

Անցավ մի լուռ րոպե, հետո Կարոն շարժվեց, լարեց հրացանը. թռավ գնդակը, լսվեց մի աղաղակ և քարերի միջից դեպի ցած գլորվեց մի քուրդի մարմին։

Այդ առաջին հարվածը հրավիրեց իր վրա դաշտում կանգնած քուրդերի գնդակների կարկուտ․ մի քանի րոպե վերից