Էջ:Գաղթականներ 44.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր երևում նոցա, բացի հեռավոր, ձյունալից բարձրություններ և մութ, ամայի դաշտ։

Կոխոտում էին տաքությունից նախ փափկացած, բայց այժմ կիսովին սառող ձյունը և ի մեծ ցավ Պետոյի, նշմարելի ոտքի հետքեր էին թողնում։ Ձյուն գալուց ի վեր այդ կողմերում ոչ մի մարդկային ոտք չէր կոխել. սպիտակ անբիծ մի սավան էր ծածկում կարծես անհուն տարածությունը, որի միակ եզրը կազմում էին հեռվում երևացող ժայռի սև խոշոր կտորներ։

Պետոն ու Նազիկը դեպի այդ ժայռի կտորներն էին հառաջանում. կտորներ, որոնք այնտեղ ցրված կային, ով գիտե մնացորդ որպիսի լեռից։

Ձյունը քիչ խշրտում էր, և ոտքը շատ խոր էր գնում նրա մեջ։ Ամայի էր ամեն կողմ. ոչ մի ձայն։

Հաճախ Պետոն ետ էր նայում սրտատրոփ և սպասում ետևի կողմից եկող գնդակներին։ Բայց երկինքը մթնանում էր, և հեռավորությունը աննշմարելի մնում։ Այդ հանգամանքը սկսեց նրան քիչ մխիթարել. գուցե կարողանային անտեսանելի մնալ, հասնել այդպես մի գյուղ, մի տեղ թաքնվել․․․ կամ ով գիտե․․․

Այդպես էր Պետոն մխիթարում իրեն, երբ հանկարծ օդի մեջ սուլեց մի գնդակ և ճիշտ նրանց գլխի վրայից անցնելով՝ գնաց անհետացավ խավարի մեջ։

— Տեսնվում ենք,— գոչեց հուսահատությամբ Պետոն՝ առաջին տպավորության տակ,— տեսնվում ենք. ուրեմն շատ մոտ ենք…

Կանգ առավ և ետ նայեց։ Հեռվից շատ բաներ վատ էին երևում, բայց մթությունը ծածկում էր ամեն ինչ և նա, որ քիչ առաջ օրհնում էր խավարը, այժմ անեծք էր կարդում նրա դեմ, որ արգելք էր լինում տեսնելու՝ թե ինչ հեռավորության վրա էին հալածողները։

Մի քանի րոպե ուշադրությունը լարած նայեց Պետոն, հետո հանկարծ ցնցվեց և ժպտելով ասաց.

— Ա… հիմա իմացա։

Իմացել էր։ Քուրդերը հրացան էին արձակել, նայելով