Էջ:Գաղթականներ 46.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նազիկը քնքշությամբ գրկեց Պետոյին և մի ջերմ համբույր դրոշմեց նրա վզի վրա։

— Որքան բարի ես,— ասաց նա։

— Բարի՞,— ժպտեց Պետոն,— սիրում եմ քեզ և քրդին չեմ տալ քեզ։

Երկինքը ավելի և ավելի մթնանում էր։ Աղջիկը հոգնած էր և ահագին ծանրություն դարձավ երիտասարդի վզի վրա։ Նա այդ զգում էր, որովհետև Պետոն էլ շուտով սկսեց հոգնել. քրտինքը վրա տվեց․ տաքացավ նա, հևալ սկսեց ծանրության տակ, դանդաղացրեց քայլերը։

— Իջնե՞մ.— խոսեց Նազիկը։

— Ոչ, ոչ, դեռ քայլել չես կարող։

Եվ բավական գնաց այդպես։ Երբեմն միայն կանգ էր առնում և ետ նայում։ Այժմ հեռվում սկսում էր նշմարվել շարժման մի մեծ կետ, մի քանի քրդեր էին, որ վազում էին։

Պետոյին տիրում էր հուսահատությունը, չգիտեր ինչ անել։ Աչքով մի թաքստոց էր փնտրում, մի ծակ, մի խորշ… Սակայն, բացի տարածությունից և նրա վրա ցանված կտոր֊կտոր փոքրիկ ժայռերից՝ ոչինչ չէր երևում։

Քայլերն ավելի ամրապես էին դրոշմվում ձյունի վրա։ Այդ նրան կատաղեցնում էր։ Անիծեց ձյունը, անիծեց ձմեռը, անիծեց և շատ ուրիշ բաներ․․․ բայց աղջիկը ծանրանում էր նրա ուսին, նրա վերջին ուժերն էլ սպառում։

Այլևս շարունակել հնար չկար․ ծնկները կթոտեցին. կանգ առավ, ցած սահեցրեց բեռը և ասաց.

— Կարող ես քիչ քայլել․․․ մինչև որ հանգստանամ։

— Կքայլեմ, իմ խեղճ Պետրոս, ես չէի ուզում, գիտեի, որ ծանր եմ։

— Լավ, լավ, այժմ քայլենք և․․․ շուտ։

Այդ միջոցին նորից փայլեց ետևի կողմից մի լույս, և նորից մի գնդակ ճղեց օդը։

— Այժմ ավելի մոտ են.— ասաց Պետրոսը,— նրանք վազում են․ շտապենք մի տեղ պահվելու։

— Որտեղ,— մռմռաց Նազիկը հուսահատ,— չէ որ նրանք տղամարդիկ են և վազում են, իսկ ես արդեն հոգնել եմ․ և հետո, ուր թաքնվենք, չէ՞ որ մեր հետքերը երևում են։