Էջ:Գաղթականներ 7.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Շատ վտանգավոր բան էր Պետոյի արածը. չէ՞ որ հայտնել էին նրանք Քեոսե–դաղի բնակիչների մասին, թե նրա ձորերի մեջ ու ապառաժների տակ, մացառոտ անտառակների կողքին, ինչպես և կիրճերն ու հովիտները, լի էին միայն արյունարբու, վայրենի քուրդերով, որոնք մարդ էին սպանում այնպես, որպես սպանում են ճանճերի։

Գիտեր այդ. սակայն չէր կասկածում. մտածում էր գաղթականներին հանդիպելու։ Իսկ եթե քուրդեր լինեին այնտեղ երևացող խարույկի մոտ, նա առաջին անգամը չէր լինիլ, որ քուրդերի միջից ողջ-առողջ անցնելուց բացի, մինչև իսկ նրանց մոտ համարվել էր աշիրաթի՝ ազնվական քուրդի զավակ։

Քսանևհինգ տարեկան, երկարահասակ ու լայնալանջ, սևադեմ ու խրոխտ, սև արտահայտիչ աչքեր՝ խիտ հոնքերի տակ, ճապուկ մարմին ու վայելուչ կազմվածք, այդ բոլորը նրան նպաստում էին ինքզինքը իբր ազնվական քուրդ ներկայացնելու։ Բացի դրանից, նրան ասել էին, թե ինչ ցեղեր են բնակվում այդ կողմերում, և նա գիտեր այդ ցեղերի բնությունը։

Վախենալու ուրեմն ոչինչ չկար։ Հանդգնություն էր միայն հարկավոր։ Եվ նա առաջ անցավ՝ միշտ հրացանը պատրաստ բռնած։ Շների ձայները սաստկացան, հետո խարույկը մի բոց արձակեց և ապա լսվեց մի մարդկային ուժեղ ձայն, որ գոչում էր.

— Ո՞վ է այն։

Քուրդերեն էր հարցը։ Պետոն կանգ առավ։ Շներն այդ ժամանակ դադարեցին հաչելուց, իսկ ձայնը նորից լսվեց, որ այս անգամ հարցնում էր.

— Բարեկա՞մ է, թե թշնամի։

Պետոն աջ ձեռքը շեփորաձև բերնին դրեց, կռացավ և նույն լեզվով պատասխանեց.

— Բարեկամ է։

Դրանից հետո լռեց ամեն ինչ մի րոպե։ Երիտասարդը