Էջ:Գաղթականներ 8.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարձակ քայլերով իջավ ցած, երբեմն դիտմամբ ավելի խշրտացնելով ձյունի շերտերը։

Քանի մոտենում էր, ավելի պարզ տեսնում էր մի քանի ստվերներ, նույնիսկ խրճիթների պատեր։ Քուրդերը մթան մեջ ծածկվում էին, անշուշտ հրացան ի բռին։ Պետոն նույնպես աշխատեց լույսից խուսափել և երբ բավական մոտեցել էր, կանգ առավ և գոչեց քուրդերեն.

— Ինչո՞ւ են Կրմանջները մթության մեջ մնում. բաքրանցի Ռզկոն արդյոք թշնամի ցեղի հե՞տ գործ ունի։

Բայց ոչ ոք նրան չպատասխանեց։ Պետոն երկու քայլ էլ արավ և մտավ լույսի մեջ։

— Լավ ուրեմն,— ասաց նա խրոխտ,— թշնամի կամ բարեկամ, եթե նամարդ եք, առանց դեմուդեմ գալու խփեք մենակ մարդու։

Այդ կծու խոսքերը ազդեցություն ունեցան. իսկույն լույսի մեջ երևացին մումիաձև, առանց թևերի երկու անձինք։

— Բաքրանցիները մեր բարեկամներն են,— ասաց մեկը, համեցեք. սեր սերան, սեր ճևան[1]… ո՞ր կողմերից է գալիս իմ եղբայրը։

Խոսողը, նաև հետզհետե լույսի մեջ ելնողր հինգ–վեց քուրդ, փաթաթված էին անթև թաղյա հաստ վերարկուների մեջ, գլուխներին թաղյա քեոլոզ և զինված էին ընտիր մարթինի հրացաններով։

Պետոն մի հայացքով զննեց բոլորին. ո՛չ մի դեմք պարզ չէր երևում. ծածկված էին վերարկուի լայն օձիքով։

— Մուշի երկրից եմ,— ասաց նա։

— Շատ հեռվից է գալիս իմ եղբայրր,— խոսեց մի ուրիշ քուրդ,— բայց մեր գլխի, աչքի վրա։ Իմ եղբայրը բաքրանցիների ցեղապե՞տն է։

— Բաքրանցիների ցեղապետը,— ասաց Պետոն,— իմ հայրը, հռչակավոր Յուսուֆ աղան է. իսկ դուք ինչ ցեղից եք։

— Խնուսի շեյխի մարդիկն ենք,— պատասխանեց առաջին քուրդը միշտ թաղիքի միջից,— շեյխը սիրում է բաքրանցիներին.

  1. Գլխներիս, աչքերիս վրա։