Էջ:Գավառական ողբերգություն 01.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է




Բազիլիո—․․․ Նախ մի թեթև շշուկ, որն անցնում է գետնի երեսով, ինչպես ծիծեռնակը մրրկից առաջ, pianissimo մրմնջում է ու թռչում և թունավորված հետք է թողնում իր ետևից։ Մի որևէ բերան ընդունում է այն և piano, piano սահեցնում է ճարպիկորեն ձեր ականջը։ Չարիքը կատարված է, նա ծլում է, սողոսկում ու ճանապարհ հարթում և, բերանից բերան, rinforsando տարածվում է։ Ապա, հանկարծ, չեմ իմանում ինչպես, մեկ էլ տեսար, բամբասանքը տնկվում է, փքվում, ուռչում, մեծանում արդեն տեսանելի ձևով, խոյանում է, զարգացնում իր թռիչքը, պտտվում, փաթաթում, պոկում, տանում, պայթում և որոտում և, շնորհիվ երկնքի, դառնում է ընդհանուր աղաղակ, հանրային crscendo, ատելության և հալածանքի մի համաշխարհային խմբերգ։ Ո՞ր սատանորդին կը դիմանա դրան։
ԲՈՄԱՐՇԵ
«Սևիլյան սափրիչ», Բ արարված, VIII պատկեր


Ա

Խամբուրենց Հաջի աղան մի առավոտ, տնից դուրս գալուց հետո, փոխանակ քայլելու Մեմեդ Փաշայի պարտեզի առջևով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատի տակով՝ դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ, հազիվ հիսուն քայլ, իր խանութը, ինչպես արել էր երեսուն և հինգ տարի, իբրև անխախտ օրենք,— Մեմեդ Փաշայի պարտեզի առաջից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, հետո՝ Զինանոցի առաջով իջավ Մեծ հրապարակը և այնտեղից էլ խանութը։

Բոշայենց փողոցում, ինչպես եղավ, Հաջի աղան մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ, նայեց մի լուսամուտի և անցավ, դարձյալ գլուխը կախ, մինչև հասավ խանութը։

Երբ խանութի դուռը բաց արավ ներս մտավ, հանկարծ Հաջի աղան ինքն էլ անդրադարձավ իր արածի անսովորությանը և զարմացավ՝ ինչո՞ւ Բոշայենց փողոցից եկավ և ոչ