Էջ:Գավառական ողբերգություն 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քա՛, ի՞նչ կըսես,— բացականչեցին մյուս հարսները, ավելի մոտենալով Էլմաս խաթունին, իսկ Էլմաս խաթունը շարունակեց․— Կանգներ էր ու աչքերը տնկեր էր Աղքատենց հարսին։

Բոլորը միասին բացականչեցին.

— Քա՜…

— Աղքատենց հարսն ըլ,— շարունակեց Էլմաս խաթունը,— զահար[1] գիտեր պռստվածը, փենջիրեին ետևն էր։

— Քա՜, մեղա՜․․․

— Հաջի աղայի պես մարդը որ ճամփուց ելավ,— շարունակեց Էլմաս խաթունը,— հա՛ տեր Աստված, խաչ հանեցեք։


Բ

Երբ երիտասարդ ոսկերիչ Տիգրանն ապրում էր ուրիշ թաղում, նրան անվանում էին ղույումճի Տիգրան, բայց երբ ամուսնացավ և իր խնայած գումարով տուն մը գնեց Բոշայենց փողոցում, որը մի քիչ ավելի բարձր տեղ էր համարվում, Բոշայենց փողոցի բնակիչները Տիգրանին չներեցին այդ բարձրացումը և սկսեցին նրան «Աղքատենց» անվանել, իբրև արհամարհանք։

Տիգրանն ամուսնացավ մի թշվառ, բայց գեղեցիկ աղջկա հետ։ Նրա անունը Փայլուն էր, և բոլորը միաբերան ասում էին.

— Ինքն էլ անունին պես է, փայլուն, արևի կըլմանի։

Փայլունի ծնողները մի շաբաթվա մեջ, իրարից յոթն օրվա տարբերությամբ, մեռան․ պարտատերերը ոչինչ չթողեցին տանը, քաշեցին տարան և վաճառեցին նոր պարտքերի դիմաց, Փայլունը մնաց կատարելապես թշվառ։ Այդ օրերին էր, ծնողների մահից հազիվ քառասուն օր անց, ոսկերիչ Տիգրանը, առանց որևէ մի ուրիշի միջնորդության, գնաց Փայլունի մոտ, խնդրեց նրա ձեռքը։ Թշվառ աղջիկը, հուսահատ և ահաբեկված, բռնեց ոսկերիչի ձեռքը ու առանց տատանման գնաց նրա հետ։ Ամուսնությունից երկու ամիս հետո

  1. երևի