Էջ:Գավառական ողբերգություն 04.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ Տիգրանը գնեց Բոշայենց փողոցի տունը և մոտ մի տարի էր, որ ապրում էր այդ տանը Փայլունի հետ, խաղաղությամբ և սիրով։

Այն առավոտ, երբ Խամբուրենց Հաջի աղան անցավ Բոշայենց փողոցից և ոսկերիչ Տիգրանի դռան առաջ կանգ առավ, նայեց լուսամուտին, Փայլունը տանը չէր։ Հաջի աղայից կես ժամ առաջ Փայլունը Տիգրանի հետ դուրս էր եկել, միասին գնացել էին Տիգրանի հորաքրոջ տունը։ Տիգրանը և Փայլունը կեսօրվա ճաշին հրավիրված էին։ Հորաքույրը խնդրել էր Տիգրանից, որ Փայլունին առավոտվանից բերի իրենց տունը, ինքն էլ մինչև կեսօրին խանութը փակի ու գա։ Տիգրանն այդպես արավ։

Ուրեմն, երբ Խամբուրենց Հաջի աղան կանգ առավ Բոշայենց փողոցում և նայեց ոսկերիչ Տիգրանի լուսամուտին, տանը ոչ ոք չկար, բայց Էլմաս խաթունին թվացել էր, որ մի ստվեր կար «փենջիրեին ետևը», և այդ ստվերը պետք է որ լիներ մանկամարդ հարսի ստվերը։

Էլմաս խաթունը և նրանից փոքր երկու հարսները, տան մաքրությունը և ճաշի պատրաստությունը թողնելով ամենափոքր հարսին, լաչերը նետեցին գլխները և դուրս եկան տնից, ամեն մեկը՝ տարբեր ուղղությամբ։

Էլմաս խաթունը, հիսուն քայլ հեռու, հենց նույն Բոշայենց փողոցում, մտավ մի տուն, և սկսեց.

— Քա՜, Լուսնթագ խաթուն, լսե՞ր ես ի՜նչ է եղեր։

Լուսնթագ խաթունը, բամբասանքի ծարավից տոչորված, անմիջապես գործը թողեց և երեխաների հանդեպ զայրացած, բացականչեց.

— Քա՛, փիճերս կթողո՞ւն, որ ոտքս դուրս դնիմ ու բան մի լսիմ, ըսե՛, ի՞նչ է եղեր։

— Խամբուրենց Հաջաղան մեր սոխախեն անցավ։

— Քա՛…— ապշեց Լուսնթագ խաթունը։

Էլմաս խաթունը վրա տվեց.

— Աչքերը ձգեր էր Աղքատենց հարսին։

— Փայլունի՞ն։

— Պռստվածին։ Փենջիրեին ետևն էր։

— Դահա տարի մի չիկա կարգվիլը, էդ ի՞նչ շուտ էրկանը ծոցեն դուրս թռավ,— արձագանքեց Լուսնթագ խաթունը։