Էջ:Գավառական ողբերգություն 30.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերով նայեց ամուսնուն։ Նա սարսափեց նախ և առաջ նրա ձայնից, բոլորովին օտարոտի էր այդ ձայնը, չկար այդ ձայնի մեջ երեսունհինգ տարվա հարազատությունը, և ապա Հաջի աղան փոխվել էր դեմքով, զգալիորեն ծերացել էր, մռայլվել, հոնքերը կախվել էին աչքերի վրա, ինչպես քիվը՝ փլատակ տան կույր լուսամուտների վրա։

— Մեմի՛կ․․․— նորից ձայնեց Հաջի աղան։

— Մեմիկ գետնին տակ անցներ, աս բանը չտեսնար,— պատասխանեց Մեմիկը։

Հաջի աղան լռեց, կարծես թանձր պատերի միջից տեսնում էր դռան առաջին բազմությունը։

— Մեմի՛կ, ի՞նչ է եղեր, ըսե՛,— ասաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը խղճաց Հաջի աղային. նրա ձայնում այնքան աղերսական շեշտ կար, որ ամենաանտարբեր մարդն անգամ կզգացվեր։

— Հաջի աղա՛, ո՛տքդ պագնիմ, սա բաներն ինչո՞ւ ըրիր,— լացով արտասանեց Մեմիկ խաթունը։

— Ջանըմ, ի՞նչ ըրի, ի՞նչ եմ ըրեր…

Մեմիկ խաթունը պատմեց ահավոր եղելությունը…

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

— Խեղդե՞ց,— հարցրեց Հաջի աղան։

— Հա՛, խեղդեր է։

Հաջի աղան մի քիչ օրորվեց, բռնեց սանդուղների հենարանը, ձեռքը տարավ ճակատին՝ վայրկենապես կուտակված պաղ քրտինքի կաթիլները սրբելու, և դանդաղորեն բարձրացավ իր սենյակը։ Սանդուղից վեր բարձրանալիս նրան թվաց, որ քայլում է դեպի ավելի և ավելի մութը․ կարծես մթնոլորտը սևացավ, խտացավ և դարձավ կուպր։ Սենյակ մտնելիս նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ չճանաչեց, տարիների հարազատ սենյակը կորցրել էր իր արտաքին տեսքը։ Դեռևս փողոցի ձայները լսվում էին, բայց ոչ քիչ առաջվա պարզությամբ, որովհետև Հաջի աղան սուզվում էր անել քաոսի մեջ։ Գրեթե խարխափելով, նա գտավ պահարանը, բնազդորեն բաց արավ և, կույրի նման շոշափելով, ձեռք բերեց օղու շիշը, քաշեց բերանին, խմեց մինչև