Էջ:Գավառական ողբերգություն 31.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատակը։ Շիշը չկարողացավ իր տեղը դնել, բաց թողեց պարապության մեջ․ շիշն ընկավ հատակին և ջարդվեց․ Մեմիկ խաթունը լսեց այդ աղմուկը և շշնջաց․

— Շուշա՞ կկոյրե, կոյրե (կոտրե), գլո՛ւխդ ըլ հետը կոյրե, աննա՛մուս․․․

Հանկարծ մի միտք, ինչպես մթան մեջ վառվող փոքրիկ լուցկին, լուսավորեց Հաջի աղայի տեսողությունը։ Ինչքան այդ միտքը լայնացավ նրա ուղեղում, այնքան պայծառացավ շրջապատը, իրերը ստացան իրենց նախկին ձևը, սենյակը լուսավորվեց, ջարդված շշի բեկորները հատիկ֊հատիկ երևացին նրա աչքին, նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ շշնջաց, կարծես մի գաղտնի բան ասաց ինչ֊որ մեկին, քայլերն ուղղեց դեպի դուռը, դուրս ելավ, իջավ սանդուղից, մտավ կրակատունը, բաց արավ պահարանը, վերցրեց լվացքի թոկը, որ Մեմիկ խաթունը խնամքով փաթաթել էր, թոկը դրեց ժակետի տակը, որ ոչ ոք չտեսնի, բարձրացավ նորից սենյակը։ Կարծես ուրախ տրամադրություն ուներ, ուզեց օղի խմել, բայց ոչ մի կաթիլ չկար։

Մեմիկ խաթունը լսեց սեղանի անկման աղմուկը, բայց ոչինչ չկարողացավ գուշակել, նորից շշնջաց.

― Աննա՛մուս․․․

Ապա ողջ տանը տիրեց լռություն, ինչպես փակված գերեզմանում։

Փողոցի բազմությունը դեռ ամբողջովին չէր հեռացել, երբ Մեմիկ խաթունը որոշեց վեր բարձրանալ, խոսիլ ամուսնու հետ, թքել նրա երեսին և պահանջել, որ մի բան անի՝ բազմությունը հեռացնելու։

Մինչև Մեմիկ խաթունի սենյակ մտնելը Հաջի աղան ավանդել էր իր հոգին․ նրա մարմինը երկարել էր, ոտները գրեթե հասել էին սենյակի հատակին։ Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային՝ սյունի պես երկարած հատակեն մինչև առաստաղը, սարսափելի ճիչ արձակեց և ընկավ հատակին, հազիվ մի քանի անգամ կարողանալով կանչել՝ հասե՜ք․․․