Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օ՞ր։ Քեզ համար, երեւի Երեւանը սկսում է օփերայից:
Սաղ քարեր էին, սաղ, տեսնում ես մինչեւ ուր է երկարել
Երեւանը իր կանաչ թեւերը: Երեւի դու պիտի ասէիր հոլանի
թեւերը: Բայց զգո՜յշ, Երեւանը աղջիկ չէ: Պրոնզից
կառուցած տղայ է, տես, ոնց է առնականացել:

Հարցնում ես, գրո՞ւմ եմ։

Ի հարկէ, մէկ—մէկ գրում եմ: Դու մի՛ նայիր մազերիս
ձիւնին: Ներքին կրակը հլա չի մարել: Էնքան ժամանակ,
որ այդ կրակը կայ, կը գրեմ, ու կը քայլեմ այս
փողոցով, կը գամ էստեղ, կը դիտեմ մեր երեխաները ու
կերազեմ նրանց վաղը... Ես տեսնում եմ նրանց վաղը,
ինչպէս տասնամեակներ առաջ ես տեսել էի մեր այսօրը...

Մայրս թողեցի Թաւրիզում, եկայ Երեւան: Թորոս
ջան, աշխարհի որեւէ քաղաք չի կարող մերը լինել: Ասում
ես մօրս չէի՞ կարօտում: Կարօտում էի: Բայց մայրս էլ
գիտէր, որ իր որդին աշխատում է երկրի համար:

Պիտի բոլորս հոս հաւաքուենք: է՜, ի՜նչ եմ ճառ
ասում: Գործել է պէտք։

Քալած փողոցը կըլլար կա՛մ Տէրեանը, կա՛մ Լենինեան
պողոտան: Բայց հակառակ իր հաստատումին,
գոյութիւն ունեցող կրակի մը մասին, քալողը սպառած
մարդ մըն էր, մոռցած ամէն Դելֆրոշ, ամէն իրանեան
խալիշա գործող աղջիկ, ամէն Գիւլնարա...

Օր մը, Սայեաթ Նովայի աղբիւր յուշարձանին մօտ
հանդիպեցայ իրեն, ու սկսայ արտասանել «Դէպի Կառափնարան»ը:
Լսեց ու յետոյ ձեռքերը ետին խաչելով ըսաւ.

— Հապա՜, էդպիսի բաներ...

Շատ կը հանդիպէի իրեն: Քիչ կը խօսէր: Կը կրկնէր
թէ մէկ կարեւոր ընելիք կայ, այդ ալ հաւաքուիլն է հայրենի
հողին վրայ.

— Մնացեալը սո՜ւտ է, գուցէ գեղեցի՜կ, չպարուած
մի սուտ։ Սո՜ւտ է... Հիմի հերթը ձերն է, աշխատէ՛ք:

Բայց երբ հերթը Գեղամ Սարեանին էր, ան շեփորահարն
էր իր երկրին, երէկ խոպան, բայց վերնձիւղած
երկրին, որ այսօր վաթսուն տարեկան է։

Գեղամ Սարեանը դանդաղ մեկնեցաւ: Եկան իր
պատրաստած նորերը...