Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ընկերը Ազրպէյճանցի՞ Է։

— Ո՛չ, Սուրիացի:

— Ուրեմն մուսուլման է։

— Ո՛չ Հա՛յ է։ Այս լեռներուն տէ՛րը։

Մէկէնք լուռ ու մունջ հեռացան:

Ջերմուկ մեր այցելութեան աւարտին, տունդարձի
ճանապարհին վրայ, կանգ առինք Չանախճի գիւղին մէջ:
Ուղղուեցանք Պարոյր Սեւակի բնակարանը փոքր բլուրի
մը կողքին։ Բանաստեղծը, բահը ձեռքին, կաշխատէր:
Հուռռաներո՜վ մտանք ծառաշատ բակէն ներս: Հոն, ամէն
ինչ Պարոյրին գործն էր: Ծառերը ինք տնկած էր: Տունէ
կառուցումին ինք աջակցեր էր քար առ քար: Հոն Էին իր
հայրն ու մայրը: Հողի գոյն եւ հողի պէս բարի:

Թեւերովը սրբեց ճակատին քրտինքը, ձեռնուեցաւ
հզօր իր ձեռքերով բոլորիս հետ, մինչ մեր խումբին պատասխանատուն,
բժիշկ Կարոյ Դեղձունեանը կը ներկայացնէր
մեզ մէկ առ մէկ: Մէկէն խզեց լռութիւնը.

— է՜հ, երեխէք, խօսէ՝ք էլի, ի՞նչ էք լռել: Երեւի
չէիք սպասում, որ բանաստեղծը բանուորի նման աշխատի:
Ընդհակառակը պէտք է աշխատի: Այստեղ ինչ որ տեսնում
էք, իմ գործն Է: Ուզում եմ ասել իմ մասնակցութեամբ Է
եղել:

Ի՞նչ պիտի ուզենայի: Պիտի ուզենայի որ ձեզանից
ամէն մէկը սիրէր այս հողը: Կապուէր այս հողին: Հողը
սիրողը պիտի հողին հետ բարեկամութիւն ստեղծի: Այ,
ես ձեզ սիրում եմ: Իմ սէրը արտայայտում եմ ոչ թէ բառերով
այլ գործնապէս: Ձեռնւում եմ ձեզ հետ: Համբուրում
եմ ձեզ: Եւ ինչ որ մի հոսանք, որ հոսել Է դարերով,
միացնում Է մեզ մի րոպէում: Ես Հողը սիրելով աշխատում
եմ հողի վրայ: Հողը ինձ սիրելով միրգ է տալիս: Փոխադարձ
է մեր սէրը: Միակողմանի սէրը պտուղ չի տալիս:

Պարոյրը կարծես կը պատասխանէր Ջերմուկի
ադրպէյճանցիներուն: Կարծես հոգիով հետեւած ըլլար իմ
լսածս խոսակցութեան: Որոշեցի իրեն պատմել ամէն ինչ:
Մինչ կը բաժնուէինք, ես ուզեցի վերջին տեսնուողը
ըլլալ.

— Հը, Թորոս ջան, բան չխօսացիր էսօր: