Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի է, բայց ստանտարտ մարդ պատրաստել, ձեզ չի
յաջողուի:

— Լռիր։

— Իսկ ինչի՞ լռել... Ի՞նչ էինը արել մենք։ Գնացել
էինք հայ երգը փրկողի դամբանին, կոմիտասի դամբանին
ու ծաղկեպսակներ զետեղել: Մեր պետութիւնը, մեռնեմ
նրա օրէնքին, մի բան գիտէ որ կանգնել է Կոմիտասի արձանը
եւ այգին էլ կոչել Կոմիտասի անունով։

Յետոյ ի՞նչ, որ ծաղկեպսակները տարել ենք Ապրիլ
24–ին: Ապրիլ 24–ին խելագարուեց Կոմիտասը: Իսկ
Ապրիլ 24-ը նշել թոյլ չեն տալիս Իսթանպուլում, Անգարայում,
մի խօսքով Թուրքիայում։

— Ասում եմ լռիր, վա՛տ կը լինի:

— Իսկ ես չեմ լռելու, իմանալով որ մեր մօտ ամէն
ինչ լա՛ւ կը լինի։ Ա՛յ, ասեմ, տասնամէակներով Եղեռնի
մասին մեզ ոչինչ չեն ասել, չեն ասել որ մեր ժողովրդին
բնաջնջել են միլիոնով, չեն ասել որ թուրքը զաւթել է ամբողջ
Արեւմտեան Հայաստանը: Տասնամեակներով մեզ
պահել են տգիտութեան մէջ՝ մեր սեպհական ցաւի նկատմամբ.
ու այսօր էլ ահա, երբ մենք իմացել ենք այդ բոլորը
ու ոտի կանգնել, մեզ միլիցատո՞ւն էք բերում։

Փառաւոր խօսք է քանդակել չէ՞ մեր Սիւներէն,
Թորոս ջան։

Ես լսում էի Ռոմիկին ու ասում մտքումս, — Այս
երիտասարդը մեր սերունդի հասցէին էլ նիզակ է ճօճում
շատ իրաւացի կերպով: Ժամանակն էր այդպէս։

Այսպէս՝ Սիւնեցիներու հանդէպ մասնաւոր տկարութիւն
ունէր Պրոֆ. Հասրաթեանը: Այդ չէ՞ր արդեօք
պատճառը, որ այս զտարիւն հայը ուզեց Սիւնեաց աշխարհին
մէջ փնտռել Վարդան Մամիկոնեանի ոսկերոտիքը եւ
մամուլով ալ արտայայտուեցաւ այդ մասին։

Ոմանք բնական չգտան իր այդ պնդումը։ Ակամայ
կը տարուիմ մտածելու, թէ երբ օտար պետութիւններ մեր
սուրբ լերան կատարին Նոյի Տապան կը փնտռեն, շա՞տ է
մեզի, մեր սեպհական հողի վրայ՝ փնտռել մեր պատմութեան
մեծագովն հերոսներէն մէկուն՝ Վարդան Մամիկոնեանին
գերեզմանը... Այդ գործը այսօր շարունակելը ոչ